ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին ՄԹ մշտական ներկայացուցչի դիրքորոշումը Լաչինի միջանցքի հարցով

ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին ՄԹ մշտական ներկայացուցչի դիրքորոշումը Լաչինի միջանցքի հարցով

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 18-ին հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիի հետ: 

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ծանր վիճակը: 

«Արարատ Միրզոյանն ընդգծել է միջազգային գործընկերների հստակ հայտարարությունների և գործուն քայլերի կարևորությունը` Լեռնային Ղարաբաղի ապօրինի շրջափակումը դադարեցնելու և արցախահայության էթնիկ զտումը կանխելու նպատակով: Այս առումով կարևորվել է նախորդ օրը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին ՄԹ մշտական ներկայացուցչի հնչեցրած դիրքորոշումը:

Քննարկվել է նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը: ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ, հերթական անգամ ցուցաբերելով իր կառուցողական մոտեցումը, հայկական կողմը Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկները և այժմ սպասում է արձագանքի»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հայ-բրիտանական երկկողմ համագործակցության օրակարգի ընդլայնման հեռանկարներին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում