2020 թվականին գրանցել են հիդրոքսիքլորոքինի կողմնակի էֆեկտների ռեկորդային քանակություն
2020 թվականին կտրուկ մեծացել է քլորոքինի եւ հիդրոքսիքլորոքինի ընդունման հետ կապված կողմնակի էֆեկտների եւ մահերի քանակությունը: Այս մասին հաղորդվում է հետազոտության մեջ, որը հրապարակվել է Annals of Internal Medicine-ում:
Գրենոբլ-Ալպերի համալսարանի գիտնականները 2020 թվականին քլորոքինի եւ հիդրոքսիքլորոքինի ընդունման դեպքում անցանկալի էֆեկտների մասին տվյալները համեմատել են 2018-2019 թվականներին ստացված տվյալների հետ: 2020 թվականին այս դեղամիջոցների կողմնակի էֆեկտների մասին հաշվետվությունների քանակությունը կրկնակի գերազանցել է երկու նախորդ տարիների ընդհանուր ցուցանիշը: 2020 թվականին այս դեղերի ծանր կողմնակի էֆեկտների բաժինը կազմել է 97,1 տոկոս, մինչդեռ 2018 եւ 2019 թվականներին այս ցուցանիշները եղել են համապատասխանաբար՝ 73,4 տոկոս եւ 84,8 տոկոս:
Իսկ քլորոքինի եւ հիդրոքսիքլորոքինի գործածման հետեւանքով մահացու դեպքերի բաժինը 2020 թվականին մեծացել է մինչեւ 5,1 տոկոսով՝ նախորդ տարիների 3,1 եւ 1,9 տոկոս ցուցանիշների համեմատությամբ:
«SARS-CoV-2 համավարակի ժամանակ քլորոքինի եւ հիդրոքսիքլորոքինի կողմնակի էֆեկտների մասին տեղեկությունների քանակությունը մտահոգություն է առաջացնում պոտենցիալ վնասի առումով, որը այս դեղերի ընդունումը կարող է բերել չապացուցված արդյունավետության ֆոնին»,- նշում են հետազոտության հեղինակները:
Կարծիքներ