Հաջիև. միջանցք տերմինը չպետք է վախեցնի Հայաստանին
Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության գծով օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հռչակագրով Հայաստանը պարտավորվել է երաշխավորել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանիմիջև տրանսպորտային կապերի անվտանգությունը՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար։
«Հայաստանն արդեն երեք տարի է խոչընդոտում է այս գործընթացին։ Ուստի Ադրբեջանն արդեն պայմանավորվածություն է ձեռք բերել Իրանի հետ՝ այդ երկրի տարածքով այլընտրանքային ճանապարհի շուրջ։ Մենք մտադիր չենք շարունակել սպասել, մինչև հայկական կողմը պատրաստ լինի իրականացնել իր պարտավորությունները, և մենք կօգտագործենք բոլոր հնարավորությունները՝ դիվերսիֆիկացնելու մեր հաղորդակցության ուղիները։
Փաստաթուղթը ներառում է ուղևորների և բեռների անխոչընդոտ տեղաշարժի մասին արտահայտություն։ Հայաստանն ստորագրել է այս պարտավորությունը: Սակայն պետք է հստակեցնել, որ մաքսային և սահմանային հսկողության վերացում ակնկալում ենք միայն Ադրբեջանից Նախիջևան ապրանքներ տեղափոխելիս, բայց երբ Ադրբեջանից ապրանքներ տեղափոխվեն երրորդ երկներ, բնականաբար, Հայաստանը կապահովի համապատասխան մաքսային և սահմանային հսկողություն»,- ասել է նա։
Հարցին, թե եռակողմ հայտարարությունում նաև ասվում է, որ «Տրանսպորտի հսկողությունն իրականացնում է Ռուսաստանի ԱԴԾ սահմանային ծառայությունը», մինչդեռ ռուս-հայկական հարաբերությունները զգալիորեն սառել են, Ադրբեջանի տեսանկյունից արդյո՞ք 2020 թվականի դրույթը դեռ ակտուալ է, Հաջիևը պատասխանել է․
«Չեմ ուզում մեկնաբանել ռուս-հայկական հարաբերությունները. Պարզապես ուզում եմ ընդգծել, որ կան անվիճելի ֆիզիկական փաստեր։ Նախ, Հայաստանը ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամ է. Երկրորդ՝ Հայաստանի սահմանը պահպանում են ՌԴ ԱԴԾ սահմանապահ զորքերը։ Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում են ԱԴԾ-ի ուժերը։ Բայց այստեղ իմ դերը որոշակի սահմանապահ զորքերի պաշտպանը լինելը չէ: Մենք մտահոգված ենք, որ չենք կարող ադրբեջանական բեռներն ու ուղևորներին թողնել Հայաստանի իրավապահ մարմինների հսկողությանը։
Բայց կարևորն այն է, թե Հայաստանն իսկապես շահագրգռված է այս նախագծով, թե ոչ։ Ցանկության ի հայտ գալուն պես ստեղծագործական մտածողությունը կօգնի գտնել տեխնիկական հնարավորություններ։ Հեծանիվ նորից հորինելու կարիք չկա։ Հայաստանով երթուղին Երևանի պարտավորությունն է, որը նրանք պետք է կատարեն։ Հայաստանը, նախաձեռնելով «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, փորձում է շեղվել եռակողմ հայտարարությունից բխող պարտավորություններից և կեղծ կերպով ներկայանալ որպես տարածաշրջանի ապաշրջափակմանը եռանդուն աջակցող կողմ։ Բայց, իրականում, հենց Հայաստանն է շարունակում խոչընդոտել տարածաշրջանում հաղորդակցությունների բացմանը»,- հայտարարել է Հաջիևը։
Իսկ այն հարցին, թե տրանսպորտային կապեր Հայաստանի հարավով ասելով՝ նկատի ունի հայ-իրանական սահմանի երկայնքով հին խորհրդային երթուղի՞ն, թե՞ ավելի հյուսիս ընկած միջանցքը, Հաջիևը պատասխանել է․
«Նկատի ունենք ամենակարճ երթուղին, որը պետք է անցնի այն երկաթգծով, որը գործել է խորհրդային տարիներին և նույնիսկ մեր երկրների անկախության առաջին տարիներին։ Մինչ Հայաստանն ասում է, որ շահագրգռված է այս երկաթուղային կապի վերականգնմամբ, նա դեմ է զուգահեռ ավտոմայրուղու կառուցմանը՝ փոխարենն Ադրբեջանին առաջարկելով երկար, անհարմար և եղանակային պայմանների հետ կապված հյուսիսային ճանապարհ:
Հայաստանի տարածքով փոխադրումները մենք չենք դիտարկում որպես Հայաստանի ինքնիշխանության և հայ-իրանական կապերի սպառնալիք։ Քանի որ Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային կապը Հայաստանի ծայր հարավով չի ազդի Հայաստանի և Իրանի միջև առևտրային ուղու վրա։ Այս երկու երթուղիները հատվում են առանց միմյանց արգելափակելու։ Միշտ էլ հնարավոր է ընդունելի պայմաններ գտնել, եթե դրա համար կա քաղաքական կամք։ «Միջանցք» տերմինը չպետք է վախեցնի Հայաստանին, քանի որ այն լայնորեն կիրառվում է տրանսպորտային ուղիների համատեքստում։ Տրանսպորտային այս կապը Հայաստանին չի զրկի Իրանի հետ սահմանից։ Այս երթուղին Հայաստանը երկու մասի չի բաժանի։ Ցավոք, այստեղ մենք տեսնում ենք լայնածավալ զրպարտչական արշավ՝ հատկապես որոշ արևմտյան լրատվամիջոցների կողմից»,- հայտարարել է Հաջիևը։
Նա հավելել է, որ Հայաստանի տարածքով Նախիջևան տրանսպորտային գծի գործարկումը կարևոր դեր կխաղա «Միջին միջանցք» նախագծում Հայաստանի ընդգրկման գործում։ Բայց Հայաստանը վերջապես պետք է հասկացնի, «թե ինչ է ուզում»։ Հաջիևը նշել է նաև, որ Իրանի տարածքով տրանսպորտային նախագծի իրականացումը չի նշանակում, որ Հայաստանով երթուղին այլևս չի դիտարկվելու։ «Մենք պատրաստ ենք դիտարկել նաև Կալինինգրադի օրինակով մոդելները»,- ասել է նա։
Կարծիքներ