ԱՀԿ-ն Եվրոպային նախազգուշացրել է կորոնավիրուսով հիվանդացության հնարավոր աճի մասին
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից եվրոպական երկրներին նախազգուշացրել են, որ սահմանափակումների չափազանց արագ չեղարկումը կարող է հանգեցնել կորոնավիրուսով վարակվածության աճին:
Ինչպես փոխանցում է Gazeta.ru-ն, ԱՀԿ եվրոպական ստորաբաժանման ղեկավար Հանս Կլյուգեն հայտնել է, որ շատ եվրոպական երկրներ առաջիկայում ծրագրում են մեղմացնել սահմանափակումները: Վերջինիս խոսքով` սահմանափակումների չափազանց արագ վերացումը կարող է հանգեցնել «հզոր փոթորիկի ցանկացած երկրում»:
«Հնդկական սցենարը կարող է կրկնվել որտեղ պատահի»,- հավելել է ԱՀԿ ներկայացուցիչը:
Կլյուգեն նշել է, որ ներկա պահին Եվրոպայի բնակչության 16 տոկոսը ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առնվազն առաջին չափաբաժինը: Ըստ նրա` հիվանդության տարածվածության մակարդակով տարածաշրջանն առաջին տեղում է գտնվում ողջ աշխարհում. այստեղ 44,4 մլն մարդ է վարակվել, մահացել է ավելի քան մեկ միլիոնը:
Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին Եվրախորհրդարանում պահանջել են, որ Եվրամիության տարածքում պատվաստման մասին վկայագրեր սկսեն կիրառել` առավելագույնը մեկ տարով:
Նշենք, որ Հնդկաստանում, որտեղ հիվանդության նոր ալիք է տարածվում, արդեն մեկ շաբաթ է` ամեն օր թարմացվում է կորոնավիրուսով վարակման ամենօրյա հակառեկորդային ցուցանիշը:
Կարծիքներ