Իտալացի բժիշկը մահճակալներ ազատելու նպատակով սպանել է COVID-19-ով հիվանդներին
Իտալիայի Մոնտիչիարի քաղաքի բժիշկ Կառլո Մոսկան կասկածվում է մահճակալներ ազատելու նպատակով կորոնավիրուսով հիվանդներին սպանելու մեջ:
Հետաքննության համաձայն ՝ բժիշկը COVID-19-ով հիվանդներին ներարկել է շնչարգելություն առաջացնող դեղամիջոց: Նրա գործողությունների հետևանքով երկու հիվանդ մահացել է: Մի դեպքում, դիահերձմամբ պարզվել է, որ հիվանդի հյուսվածքներում և օրգաններում կա դեղամիջոց, որը կարող է հանգեցնել մահվան, եթե չափաբաժինը խախտվի. այս մասին հայտնում է Brescia Today-ը:
La Repubblica-ն գրում է, որ Իտալիայում մոլեգնող համաճարակի ժամանակ Մոսկան բառացիորեն գլխավորում էր կորոնավիրուսային վարակի դեմ պայքարը:
«Յուրաքանչյուր հերթափոխ պայքար էր հնարավորինս շատ կյանքեր փրկելու համար»,- որոշ ժամանակ առաջ ասել է բժիշկը:
Այնուամենայնիվ, Բրեշիայում դատախազների կողմից առաջադրված առնվազն երկու հիվանդի սպանության մեղադրանքը կարող է գլխիվայր շրջել համաճարակի դեմ բժշկի հերոսական պայքարի պատմությունը:
Կառլո Մոսկայի՝ կորոնավիրուսով հիվանդների սպանության դրդապատճառները դեռ պարզ չեն: Գործի նյութերին կցված է հիվանդանոցի բուժքույրերի նամակագրությունը, որով նրանք կասկածում են բժշկին հիվանդներին սպանելու մեջ՝ բժշկական հաստատությունում մահճակալներ ազատելու համար:
Այս պահին բժիշկը գտնվում է տնային կալանքի տակ և սպասում է դատավարությանը:
Կարծիքներ