Աշխատուժի զարգացում՝ 3 ոլորտներում. Հայաստանում մեկնարկել է նոր ծրագիր
ԱՄՆ ՄԶԳ-ն պաշտոնապես մեկնարկել է նոր նախագիծ՝ Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագիրը: Այս մասին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, նշելով, որ մեկնարկի հանդիսավոր արարողությանը ներկա էին գերատեսչության նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, պաշտոնատար այլ անձինք:
Ըստ նախարարության տարածած հաղորդագրության՝ ծրագիրը կիրականացվի «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) և այլ գործընկերների կողմից: Ծրագրի արժողությունը 7.5 միլիոն ԱՄՆ դոլար է, սահմանված ժամկետը՝ 5 տարի: Այն նախատեսում է շուրջ 10.000 երիտասարդի՝ պահանջված մասնագիտությունների գործնական հմտություններով զինում՝ ավելի լավ աշխատանքի հնարավորություններ ձեռք բերելու նպատակով:
«Զարգացման համար առաջնահերթ է մարդկային կապիտալը, և այն Հայաստանի մեծագույն առավելությունն է: Այս ծրագիրը հասցեագրում է աշխատանքային շուկայի անհամապատասխանությունները՝ ներգրավելով երիտասարդներին, կանանց, մասնավոր հատվածը և ուսումնական հաստատությունները: Նպատակն է բարելավել «փափուկ» և տեխնիկական հմտությունները, վերափոխել Հայաստանի աշխատանքային շուկան և գնահատել իրավական-կարգավորիչ փոփոխությունները, որոնք կնպաստեն երիտասարդների և կանանց համար աշխատանքային հնարավորությունների աճին այնպիսի կարևոր ոլորտներում, ինչպիսիք են բարձր տեխնոլոգիաները, գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը և հյուրընկալությունը»,- ողջունելով գործընկերներին և ներկաներին՝ ասել է դեսպան Թրեյսին:
Շնորհավորելով գործընկերներին նոր ծրագրի մեկնարկի կապակցությամբ՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը կարևորել է կրթություն-աշխատաշուկա կապի զարգացումն ու կենսունակությունը, մեկը մյուսի պահանջներին համապատասխանությունը: Փոխնախարարը նշել է, որ չպետք է մեկտեղել բարձրագույն կրթությունը որոշակի ժամկետում ձեռք բերված հմտության հետ: Ըստ նրա՝ հմտություն ձեռք բերելը պետք է լինի բարձրագույն կրթության մաս՝ կրթության որակն ու գործնականությունը ապահովող որոշակի նպատակով:
Կ. Թռչունյանը հաջողություն է մաղթել այն մասնակիցներին, որոնք կներգրավվեն այս ծրագրում.
«Հույս ունեմ՝ այս ծրագրին մասնակցող անհատներն իրենց ձեռք բերած փորձառությամբ ապագայում հանդես կգան սեփական նախագծերով նաև այլ ոլորտների և ուղղությունների համար: Գերատեսչության անունից վստահեցնում եմ, որ հնարավորինս կաջակցենք հասարակության կյանքը բարելավող ցանկացած նախագծի»:
Միջոցառման ընթացքում ՁԻՀ-ի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը ներկայացրել է ծրագրի նպատակներն ու խնդիրները, որոնց շրջանակում երիտասարդներին և կանանց հնարավորություն կտրվի բարելավելու իրենց հմտություններն աշխատաշուկայի կարիքներին համապատասխան և աշխատանք գտնելու ՏՀՏ, գյուղատնտեսության, զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտներում:
Առաջիկա 5 տարիների ընթացքում ծրագիրն ուղղված կլինի 15-29 տարեկան երիտասարդներին և նրանց կներգրավի կարողությունների զարգացման տարբեր ծրագրերում աշխատանքի վրա հիմնված ուսուցման միջոցով: Ծրագիրը կաջակցի նաև հաշմանդամություն ունեցող անձանց՝ արձագանքելով նրանց հատուկ կարիքներին, խրախուսելով նրանց ձգտումները և խթանելով մասնագիտական կատարելագործումը, զբաղվածության ոլորտում կարողությունների զարգացումը: Ըստ Ենգիբարյանի՝ նախատեսվում է նաև մասնավոր հատվածի ակտիվ ներգրավում:
Կարծիքներ