370 նոր պլանշետ` Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի խոցելի երեխաների հեռավար կրթության համար
ՀՀ Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի առավել խոցելի ընտանիքների դպրոցահասակ երեխաները աջակցություն կստանան Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հասանելի կրթություն բոլորի համար կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության ընթացքում» ծրագրի շրջանակում:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» հայաստանյան ներկայացուցչության միջև այսօր կնքված հուշագրով նախատեսվում է 370 նոր պլանշետների և եռամսյա ինտերնետային քարտերի տրամադրում նշված մարզերի առավել խոցելի ընտանիքների երեխաների հեռավար կրթության կազմակերպման համար:
Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» հայաստանյան ներկայացուցչության գրասենյակի ղեկավար Աստղիկ Մովսիսյանը:
Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» հայաստանյան ներկայացուցչության գրասենյակի ղեկավար Աստղիկ Մովսիսյանը:
Ողջույնի խոսքում նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ մշտապես նկատելի է ԵՄ գործընկերությունն ու աջակցությունը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգման ոլորտներում: Նախարարը շեշտել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (CEPA) նախանշված գործընկերային մեծածավալ միջոցառումները, որոնցից շատերը ներկայումս ընթացքի մեջ են:
«Մեծապես կարևորում ենք հանրակրթության բովանդակության համալիր փոխակերպմանը միտված «ԵՄ-ն հանուն նորարարության» ծրագիրը, ՄԿՈՒ (VET) կրթության բարեփոխմանը միտված ԵՄ բյուջետային աջակցության՝ «Որակավորումների բարելավում ավելի լավ աշխատատեղերի համար», ինչպես նաև մշակույթի ոլորտում «Ստեղծարար արդյունաբերություն» բաղադրիչը «ԵՄ-ն հանուն Հայաստանի» ծրագրում, գիտության ոլորտում՝ «Հորիզոն 2020» համագործակցության ծրագիրը, և բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող ծրագրերը (Էրազմուս+, Թայեքս) ու համագործակցության այլ նախաձեռնությունները, որոնք մաս են կազմում Հայաստան-ԵՄ համապարփակ համագործակցության օրակարգի»,- իր խոսքում նշել է նախարարը և հավելել, որ ԵՄ-ն անմիջապես արձագանքել է համավարակի պայմաններում ստեղծված իրավիճակին՝ միջոցներ ուղղելով վարակի դիմակայման պետական ջանքերին։
Նախարարի խոսքով` այդ հսկայական աջակցության մի փոքրիկ վկայությունն էլ ՀՀ Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի դպրոցահասակ երեխաների հեռավար կրթության կազմակերպման նպատակով 370 դպրոցահասակ երեխաների համար պլանշետների և ինտերնետային քարտերի տրամադրումն է։
Իր ելույթում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը նշել է, որ ԵՄ-ն պատրաստակամ է աջակցել Հայաստանին` հաղթահարել համավարակի մարտահրավերը. «Մենք գիտենք, որ Հայաստանի կարիքն ավելի մեծ է, քան սարքավորումների այն խմբաքանակը, որ մենք հատկացնում ենք: ԵՄ բյուջետային աջակցության ծրագրով ավելի լայնածավալ աջակցություն ենք նախատեսում»,- նշել է Ա. Վիկտորինը և ավելացրել, որ ԵՄ-ն կշարունակի համագործակցությունը Հայաստանի հետ` հանուն ՀՀ քաղաքացիների ավելի լավ ապագայի: ԵՄ դեսպանը հատուկ շեշտել է համավարակի պայմաններում կրթության առանձնահատուկ պայմանների կաիրք ունեցող երեխաների կրթության կազմակերպումը` ընդգծելով, որ նրանք ամենախոցելի վիճակում են գտնվում:
Համագործակցության շրջանակում «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» հայաստանյան ներկայացուցչությունը մեթոդական ուղեցույցներ է մշակել համավարակի պայմաններում կրթության կազմակերպման և հատուկ կարիքով երեխաների հեռավար կրթության համակարգում ներգրավման վերաբերյալ, որոնք պլանշետների հետ միասին կհատկացվեն ուսուցիչներին և ծնողներին: Կազմակերպությունը, ինչպես իր խոսքում նշել է հայաստանյան գրասենյակի ղեկավար Աստղիկ Մովսիսյանը, կրթական համակարգին առաջարկում է մասնագիտական և փորձագիտական աջակցություն:
Կարծիքներ