Ինչ փոփոխություններ են տեղի ունեցել «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական մրցաշարերի անցկացման կարգում
ՀՀ կառավարությունը փետրվարի 15-ի նիստում կայացրած որոշմամբ հավելյալ 64 մլն դրամ է հատկացրել «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի, խճուղավազքի, խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարերի և ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև ռազմամարզական խաղերի անցկացման նպատակով:
Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:
Նախատեսվում է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի և խճուղային հեծանվավազքի մրցաշարերն անցկացնել միայն դպրոցականների շրջանում՝ երկու օր տևողությամբ (գիշերակացով): Հավելյալ կանցկացվեն համայնքային և մարզային փուլեր, մասնակից դպրոցներին կտրամադրվեն թենիսի սեղաններ, երկու տարիքային խմբերի 1-ից 3-րդ տեղերը գրաված դպրոցները, ֆիզկուլտուրայի ուսուցիչները և թիմերի անդամներն էլ կստանան դրամական պարգևներ:
Նշենք՝ 2023 թվականին անցկացվել են «ՀՀ Վարչապետի գավաթ» խորագիրը կրող 6 մարզական մասսայական միջոցառումներ, որոնց մասնակցել են հանրության տարբեր տարիքային խմբերի ներկայացուցիչներ (դպրոցահասակ երեխաներ, 18-40 տարեկան տղամարդիկ և կանայք, 41 և բարձր տարիքի տղամարդիկ և կանայք, ուժային կառույցների ներկայացուցիչներ):
Մրցաշարերի անցկացման համար նախատեսվող հավելյալ գումարի տրամադրումը հնարավորություն կտան խթանելու զանգվածային մարզական միջոցառումներին աշակերտների, սիրողական մարզիկների, ուժային կառույցների ներկայացուցիչների հետագա մասնակցության ապահովումը:
Կարծիքներ