Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսազանգ է ունեցել ԱՄՀ տարածաշրջանային տնօրենի հետ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի տարեկան հանդիպումների շրջանակներում տեսազանգ է ունեցել ԱՄՀ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ջիհադ Ազուրի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունից։
Տեսազանգին հայկական կողմից մասնակցել են նաև Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը և Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, խոսելով 2020 թվականին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների մասին, ընդգծել է, որ այնուամենայնիվ երկրում պահպանվել է մակրոտնտեսական և ֆինանսական կայունություն, այդ թվում նաև՝ ԱՄՀ-ի հետ համագործակցության շնորհիվ: Փոխվարչապետը Ջիհադ Ազուրին ներկայացրել է Կառավարության ծրագրի հիմնական ուղենիշները և շեշտել, որ ԱՄՀ-ի հետ հաստատված «Տնտեսական և ֆինանսական քաղաքականությունների» հուշագրի ներքո իրականացվող միջոցառումները մշտապես գտնվում են Կառավարության ուշադրության կենտրոնում:
Հանդիպման ընթացքում Ջիհադ Ազուրը նշել է, որ ԱՄՀ-ն պատրաստակամ է շարունակելու աջակցությունը ՀՀ կառավարությանը նախանշած հավակնոտ բարեփոխումների օրակարգը կյանքի կոչելու հարցում:
Զրուցակիցները անդրադարձ են կատարել նաև կրթության ոլորտում իրականացվելիք բարեփոխումներին, ներդրումների գրավման տեսանկյունից կապիտալ շուկայի զարգացման անհրաժեշտությանը և պատվաստման գործընթացի ակտիվացման կարևորությանը
Կարծիքներ