Հայաստանն ու ԵՄ-ն վերահաստատել են արդարադատության ոլորտում համագործակցության շարունակականության հրամայականը

Հայաստանն ու ԵՄ-ն վերահաստատել են արդարադատության ոլորտում համագործակցության շարունակականության հրամայականը

ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանն ընդունել է Հայաստանում եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, անդրադառնալով էլեկտրոնային արդարադատության ոլորտում (e-justice) իրականացվող բարեփոխումներին՝ Գրիգոր Մինասյանն ընդգծել է, որ նախատեսվում է ներդնել «Էլեկտրոնային արդարադատություն» միասնական կառավարման համակարգ, ինչպես նաև նշել, որ ներկայումս գործուն քայլեր են իրականացվում «Էլեկտրոնային դատարան» կառավարման միասնական համակարգի մշակման և ներդրման ուղղությամբ:  

«Ներկայացվել է նաև կոռուպցիայի դեմ պայքարի, պրոբացիայի, հաշտարարության, ինչպես նաև հարկադիր կատարումն ապահովող ծառայության ոլորտներում  թվայնացման օրակարգը, ինչպես նաև դրա ուղղությամբ նախարարության կողմից տարվող ներկայիս աշխատանքի ընթացքը: 

Մինասյանը ներկայացրել է արդարադատության ոլորտում ԵՄ առաջիկա բյուջետային աջակցության հիմնական ուղղությունները, որոնք ներառում են Արդարադատության նախարարության քաղաքականության մշակումը, քրեակատարողական հիմնարկները, պրոբացիան, հակակոռուպցիոն քաղաքականությունը, Գլխավոր դատախազության հակակոռուպցիոն ստորաբաժանումների, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և այլ հակակոռուպցիոն հաստատությունների կարողությունների զարգացումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ քննարկվել է նաև արդարադատության ոլորտի բարեփոխումների ռազմավարական հաղորդակցության համատեքստում նախարարության կարիքների, ինչպես նաև այս ուղղությամբ ԵՄ կողմից տեխնիկական աջակցություն տրամադրելու հարցը: 

Նշվում է, որ հանդիպման ավարտին ընդգծվել է Հայաստանի արդարադատության ոլորտում ԵՄ համագործակցության արդյունքում իրականացվող բարեփոխումային ծրագրերի կարևորությունը, ինչպես նաև երկուստեք վերահաստատվել՝ համագործակցության շարունակականության հրամայականը և հետագա քայլերը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում