«Microsoft»-ը կփակի իր խանութները եւ կանցնի առցանց առեւտրի

«Microsoft»-ը կփակի իր խանութները եւ կանցնի առցանց առեւտրի

«Microsoft» ամերիկյան տեխնոլոգիական կորպորացիան կփակի իր ֆիզիկական խանութներն ամբողջ աշխարհում, ուրբաթ այդ մասին հայտարարությունը հրապարակվել է ընկերության կայքում, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:

Ըստ հրապարակված տվյալների՝ կորպորացիայի ղեկավարությունը որոշել է «ռազմավարական փոփոխություններ կատարել, որոնք ենթադրում են Microsoft-ի ֆիզիկական խանութների փակում»: Ներկայում ընկերությունն ունի 82 առեւտրային կետ, որոնցից 73-ը գտնվում է ԱՄՆ տարածքում, մնացածը՝ Կանադայում, Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում եւ Պուերտո Ռիկայում:

«Ինտերնետում մեր վաճառքներն աճել են, մեր տեսականին ընդլայնվել է հիմնականում թվային առաջարկների հաշվին, իսկ տաղանդավոր մասնագետների թիմն ապացուցել է, որ կարող է հաջողությամբ սպասարկել հաճախորդներին ֆիզիկական խանութներից դուրս,-ասվում է կորպորացիայի փոխնախագահ Դեւիդ Փոթերի հայտարարության մեջ:-Մենք երախտապարտ ենք Microsoft-ի խանութների հաճախորդներին եւ անհամբերությամբ սպասում ենք հնարավորությանը նրանց առցանց խառայություններ առաջարկելու, ինչպես նաեւ Microsoft-ի կորպորատիվ կենտրոնների մանրածախ առեւտրի բաժիններում»: Խոսքը վերաբերում է Նյու Յորքում, Լոնդոնում, Սիդնեյում եւ Ռեդմոնդում (Վաշինգտոն նահանգ) «Microsoft Experience Center» կենտրոններին:

Մանրածախ առեւտրի ոլորտում ընկերության քաղաքականության փոփոխության արդյունքում աշխատակազմը չի կրճատվի: Microsoft-ի խանութները փակ էին նոր կորոնավիրուսի համավարակի պատճառով մարտի վերջից:

«Microsoft» ընկերությունը հիմնադրվել է 1975 թվականին Բիլ Գեյթսի եւ Փոլ Ալենի կողմից: Կորպորացիան համակարգչային ապահովման խոշորագույն արտադրողն է տարբեր սարքերի՝ անհատական համակարգիչներից մինչեւ բջջային հեռախոսներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում