Խաղաղ ցուցարարներ են բերման ենթարկվել. Վրաստանում շարունակվում է բողոքի ակցիան
Նոյեմբերի 19-ին Թբիլիսիի պետական համալսարանի շրջակա տարածքը բռնի ուժով ցուցարարներից ազատելու ժամանակ ոստիկանները բերման են ենթարկել 16 խաղաղ ցուցարարի։
Ինչպես հայտնում են վրացական լրատվամիջոցները, նրանցից երեքը՝ երկու ցուցարար և ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության օպերատորը, ազատ են արձակվել ստորագրությունների հիման վրա։
Ըստ Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ)՝ իրավապահները բերման ենթարկվածներին մեղադրանք են առաջադրում վարչական իրավախախտման, ոստիկանության օրինական պահանջին չենթարկվելու (173-րդ հոդված) և մանր խուլիգանության (հոդված 166) մեղադրանքներով: Սույն հոդվածներով նախատեսված հանցանքը պատժվում է տուգանքով՝ 500-ից 3000 լարիի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 15 օր ժամկետով։
Ավելի վաղ, դեռ առավոտյան ոստիկանական ուժերը բռնի կերպով ցրել են նոյեմբերի 17-ից Թբիլիսիի պետական համալսարանի առաջին մասնաշենքի շրջակայքում բողոքող խաղաղ ցուցարարներին: Հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունները կեղծված համարող հանրահավաքի մասնակիցները պահանջում են վերընտրություններ. նրանք վրաններ էին տեղադրել նշված տարածքում։
Ոստիկանները տարածքից հանել են վրանները և ցուցարարներին բռնի ուժով տեղափոխել Մելիքիշվիլիի պողոտա։ Բողոքի ակցիան այնտեղ շարունակվում է։
Կարծիքներ