Գնել Սանոսյանը՝ Սյունիքի մարզում ճանապարհաշինական ակտիվ աշխատանքների մասին
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Կառավարության նիստի ընթացքում խոսեց Սյունիքի մարզում ճանապարհաշինական աշխատանքների մասին:
«Մեր պլանն այնպիսին է, որ մինչև տարեվերջ Մ2-ից վարորդները կարողանան ուղևորվել Նորավանով, Լծենով դեպի Տաթև: Մենք այդտեղ 2 հատված ունենք, մեկը հայտնի Տաթև-Լծենն է, որը 19,9 կմ է, մեծ ծավալի խոշոր շինարարական աշխատանք է: Այնտեղ 19,9-ից 15,7 կմ-ում ամբողջ հողային աշխատանքներն արված են, նախապատրաստվում ենք ասֆալտապատման: Այդ հատվածում վերջնական տեսքով կունենանք եռաշերտ ասֆալտապատում, բայց այս պահին քննարկում ենք այս տարի ամբողջ հատվածը երկշերտ ասֆալտապատել, որն ամբողջությամբ նորմալ երթևեկելի կլինի՝ հաշվի առնելով, որ մի շարք հատվածներում մեծ ծավալի լիցքի և այլ աշխատանքներ են կատարվել, երրորդ շերտը կթողնենք հաջորդ տարվա համար»,- ասաց Սանոսյանը:
Նախարարը խոսեց ևս մեկ կարևոր հատվածի մասին: Խոսքը Լծենից դեպի Շամբ հատվածի մասին է:
«Այդ 6 կմ-ի համար մրցույթը հայտարարվել է: Մոտ օրերս կունենանք շահող ընկերություն: Այդ հատվածի շինարարությունն էլ կսկսենք, որը կբերի նրան, որ Մ2-ի Սիսիանի այդ հատվածից մինչև Տաթև կունենանք նոր ճանապարհ: Տաթևի ոլորանների ձորի այդ բարդությունից կխուսափենք»,- ասաց Գնել Սանոսյանը:
Կարծիքներ