Աշխարհի գավաթ․ Մալխաս Ամոյանը արծաթե մեդալակիր է, Սլավիկ Գալստյանը՝ բրոնզե
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն արդեն 2 մեդալ է նվաճել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող Աշխարհի գավաթի խաղարկությունում։
ԿԳՄՍ նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ մրցումային երկրորդ օրն արծաթե մեդալ է նվաճել 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը, իսկ 67 կգ քաշային կարգում Սլավիկ Գալստյանը դարձել է բրոնզե մեդալակիր։
Մալխաս Ամոյանի և Հունգարիայի ներկայացուցիչ Բալինտ Կորպաշիի միջև վճռորոշ գոտեմարտն ավարտվել է 1։1 հաշվով․ հունգարացի ըմբիշին հաղթանակը շնորհվել է վերջինը միավոր վաստակելու արդյունքում։
Աշխարհի և Եվրոպայի երիտասարդական առաջնությունների չեմպիոնը մինչև եզրափակիչ ոչ մի միավոր չի զիջել մրցակիցներին․ մեկնարկային գոտեմարտում Ամոյանը 6։0 հաշվով հաղթել է սերբ Ալեքսանդար Մաքսիմովիչին, քառորդ եզրափակչում 12։0 հաշվով առավելության է հասել մոլդովացի Վալենտին Պետիչի նկատմամբ, իսկ եզրափակչի ուղեգրի համար պայքարում 7։0 հաշվով պարտության է մատնել թուրք Չենգիզ Արսլանին։
Սլավիկ Գալստյանը երրորդ տեղի համար պայքարում կամային հաղթանակ է տարել Ուկրաինայի ներկայացուցիչ Արտուր Պոլիտաևի նկատմամբ։ Առաջին մրցափուլում Գալստյանը 0:4 հաշվով զիջել է, սակայն երկրորդում նախ 2 միավոր է վաստակել, ապա տուշեով ժամանակից շուտ ավարտել գոտեմարտը։
Սլավիկ Գալստյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից՝ 7։0 հաշվով վստահ հաղթանակ տանելով Չիլիի ներկայացուցիչ Կրիստոբալ Նունյեսի նկատմամբ։ Քառորդ եզրափակչում վիճելի մրցավարական որոշումների արդյունքում Գալստյանը 4:7 հաշվով պարտվել է Ադրբեջանը ներկայացնող Իսլամբեկ Դադովին։ Վերջինս դուրս է եկել եզրափակիչ, ինչի արդյունքում հայ ըմբիշը պայքարը շարունակելու հնարավորություն է ստացել։ Նախքան Պոլիտաևի հետ մեդալային գոտեմարտը, Գալստյանը սփոփիչ գոտեմարտում 9:0 հաշվով հաղթել է պերուացի Նիլտոն Սոտոյին։
Այսօր բրոնզե մեդալի համար պայքարել է նաև 77 կգ քաշային Կարապետ Չալյանը, որը սակայն 1։4 հաշվով զիջել է սերբ Վիկտոր Նեմեշին։
Կարծիքներ