ՌԴ Պետդումայի նախագահը Հայաստան է ժամանելու հունիսին պաշտոնական այցով. Ծովինար Խաչատրյան

ՌԴ Պետդումայի նախագահը Հայաստան է ժամանելու հունիսին պաշտոնական այցով. Ծովինար Խաչատրյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը Aysor.am-ի հետ զրույցում հերքել է տեղեկությունը, թե Ռուսաստանի Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, իբր, չեղարկել է այցը Հայաստան։

Նշենք, որ նման տեղեկություն էր տարածել հասարակական-քաղաքական գործիչ Արթուր Թովմասյանը։

«Տեղեկատվությունն ամբողջությամբ սուտ է։ Այս ժամանակահատվածում Վոլոդինի այց Հայաստան չի նախատեսվում։ Վյաչեսլավ Վոլոդինը լինելու է Հայաստանում հունիսին պաշտոնական այցով։ Նա նաև մասնակցելու է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստին նախագահողի կարգավիճակով», - ասաց Ծովինար Խաչատրյանը։

Ավելի վաղ Արթուր Թովմասյանը ֆեյսբուքի իր էջում, մասնավորապես, գրել էր. «Երկար տարիներ աշխատելով Ազգային ժողովում և ունենալով լավ կապեր՝ տեղեկացա, որ Ռուսաստանի Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը չեղարկել է իր այս օրերին պլանավորած այցը Հայաստան։ Ըստ լուրերի, ՀՀ ԱԺ նախագահը զանգահարել և փորձել է վերջինիս համոզել, որ մտափոխվի, և որ Հայաստանում լարվածություն չկա, բայց նրա ջանքերը անարդյունք են մնացել:

Aysor.am-ի խնդրանքով մեկնաբանելով այս հայտարարությունը՝ Ծովինար Խաչատրյանը նշեց. «Ժամանակն է վերաթարմացնել Ազգային ժողովում կապերը: Երևի հարգելի օգտատիրոջը դա խորհուրդ կտամ, քանի որ դրանք կամ ժանգոտել են կամ առնվազն նրա դեմ են աշխատում»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում