Արաբական լիգան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև քաղաքական կարգավորմանը
Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ) պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև քաղաքական կարգավորմանը և այդ նպատակով Մոսկվա է ուղարկում արաբական վեց երկրների արտաքին գործերի նախարարների պատվիրակություն՝ ԱՊԼ գլխավոր քարտուղար Ահմեդ Աբու ալ-Գեյթի գլխավորությամբ։ . Այս մասին ուրբաթ օրը ՏԱՍՍ-ին հայտնել է ԱՊԼ-ի գլխավոր քարտուղարի օգնական Հուսամ Զաքին։
«Արաբական երկրները, որոնք բարեկամական հարաբերություններ են պահպանում թե՛ ռուսական, թե՛ ուկրաինական կողմերի հետ, ջանքեր են գործադրում ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորման և ռազմական գործողությունների դադարեցման ուղիներ գտնելու համար»,- ասել է նա։
Արաբական կոնտակտային խմբի պատվիրակության կազմում կլինեն Ալժիրի, Եգիպտոսի, Հորդանանի, Իրաքի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Սուդանի արտաքին գործերի նախարարները, ինչպես նաև Արաբական լիգայի գլխավոր քարտուղարը։ «Բանակցությունները կսկսվեն ապրիլի 4-ին Մոսկվայում, սպասվում է նաև փոխգործակցություն ուկրաինական կողմի հետ»,- ասել է Զաքին։
Խոսելով ԱՊԼ-ի հովանու ներքո կամ արաբական որևէ երկրում ռուս-ուկրաինական բանակցությունների փուլերից մեկի անցկացման հնարավորության մասին՝ եգիպտացի դիվանագետը բացատրել է, որ «այժմ կարևոր է օգնել երկու կողմերին հասնել մշտական համաձայնությունների և վերականգնել խաղաղությունը»։
Կարծիքներ