ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պատրաստ են քննարկել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման պայմաններն ու մանրամասները
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և Իգոր Խովաևը (ՌԴ) հոկտեմբերի 7-ին և 8-ին Ժնևում խորհրդակցություններ են անցկացրել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) փոխնախագահ Ժիլ Կարբոնյեի հետ:
Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (PRCIO) Անջեյ Կասպրշիկը: Բոլոր մասնակիցներն ընդգծել են միջազգային մարդասիրական կազմակերպությունների լիարժեք և անարգել մուտքի կարևորությունը՝ իրենց աշխատանքը կատարելու համար:
Համանախագահները դրական են գնահատել վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի հրապարակային հայտարարությունները, որոնցում նրանք սկզբունքային պատրաստակամություն են հայտնել համանախագահների հովանու ներքո հանդիպել միմյանց:
Համանախագահներն անհամբերությամբ սպասում են կողմերի հետ նման հանդիպման պայմաններն ու մանրամասները քննարկելու հնարավորությանը և կրկին հայտարարում են մոտ ապագայում տարածաշրջան այցելելու իրենց պատրաստակամության մասին այդ գործընթացում հետագա քայլերը քննարկելու համար:
«ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վերջին կառուցողական հանդիպման լույսի ներքո համանախագահները ողջունել են Ադրբեջանի կողմից մեկ հայ զինծառայողի ազատ արձակումը, ինչպես նաև քննարկել ապաէսկալացման հնարավոր միջոցներն ու հումանիտար միջոցները, այդ թվում ՝ ձերբակալվածների, անհետ կորածների և բոլոր տեղահանվածների կամավոր վերադարձի վերաբերյալ: Համանախագահներն ընդգծել են կողմերի հետ աշխատանքը շարունակելու իրենց մտադրությունը՝ համաձայնության ոլորտները գտնելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ