Կայացել է վերադարձի և վերաինտեգրման հարցերով ֆորումի 11-րդ հանդիպումը
ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության նախաձեռնությամբ և Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ICMPD) և Վերադարձի և վերաինտեգրման եվրոպական ցանցի (ERRIN Հայաստան) հետ համագործակցությամբ տեղի է ունեցել վերադարձի և վերաինտեգրման հարցերով ֆորումի 11-րդ հանդիպումը, որին մասնակցել են ինչպես պետական կառույցների, այնպես էլ միջազգային, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Ողջույնի խոսքով հանդես է եկել ՄԾ պետի տեղակալ Իրինա Դավթյանը և վերադարձի և վերաինտեգրման եվրոպական ցանցի ծրագրի ղեկավար Անկե Մերթենսը։
Ի․ Դավթյանը հակիրճ անդրադարձել է ոլորտի քաղաքականության հիմնախնդիրներին, ներկայացրել «ՀՀ միգրացիոն քաղաքականության՝ ինտեգրման և վերաինտեգրման խնդիրների կարգավորման 2022-2032 թվականների ռազմավարության» նախագծի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքները, ինչպես նաև փաստաթղթով ամրագրված հիմնական ռազմավարական նպատակներն ու ուղղությունները։
ՄՔՄՄԿ կողմից իրականացվող «ERRIN Հայաստան» ծրագրի կարողությունների զարգացման բաղադրիչի պատասխանատու Քրիստինա Գասպարյանը ներկայացրել է 2021թ. հուլիս-հոկտեմբեր ամիսների ընթացքում կատարված աշխատանքները, որոնք ուղղված են միգրացիոն ծառայության մարդկային և տեխնիկական կարողությունների հզորացմանը։
«ERRIN Հայաստան» ծրագրի հոգեբան Լիլիթ Մնացականյանը ներկայացրել է ՄԾ աշխատակազմի հետ վերապատրաստման և շահառուների հետ տարվող հոգեբանական աշխատանքները։
Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի ղեկավար Կարել Հոֆստրան և «ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի օգտագործման՝ ի նպաստ Հայաստանի զարգացման. EU4IMPACT ARMENIA» ծրագրի պատասխանատու Անդրեյ Ափոյանը մանրամասն ներկայացրել են ծրագիրը, որն ուղղված է աջակցելու միգրանտների (այդ թվում՝ աշխատանքային), վերադարձած միգրանտների և նրանց ընտանիքների անդամների կողմից արդեն իսկ հիմնադրված (սկսնակ) կամ ապագայում ստեղծվելիք բիզնեսների զարգացմանը:
Հանդիպման ընթացքում Ֆրանսիայի Ներգաղթի և ինտեգրման գրասենյակի (OFII) ներկայացուցչության տնօրեն Հյուգ Գեբհարթը և OFII-ի կողմից իրականացվող վերաինտեգրման ծրագրի պատասխանատու Վարդուհի Միքայելյանը ներկայացրել է գրասենյակի աշխատանքները Հայաստանում, ինչպես նաև Ֆրանսիայից Հայաստան կամավոր վերադարձած քաղաքացիներին աջակցող ծրագրի շրջանակներում հաջողված պատմությունների վերաբերյալ տեսաշար։
Հանդիպման մասնակիցների միջև տեղի է ունեցել կլոր սեղան քննարկում, որի ընթացքում մասնակիցները ներկայացրել են իրենց կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերում կատարված վերջին փոփոխություններն ու ընթացիկ զարգացումները։
Կարծիքներ