Պատանի բռնցքամարտիկները 5 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում
Հայաստանի բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների հավաքականը 5 մեդալ է նվաճել Իտալիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Աշիկ Գրիգորյանի գլխավորությամբ պատանի բռնցքամարտիկներն արժանացել են 2 ոսկե, 2 բրոնզե և 1 արծաթե մեդալի: Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթողի տիտղոսը նվաճել են Վաղարշակ Քեյանը (46 կգ) ու Էրիկ Առուստամյանը (52 կգ)։ Հայ բռնցքամարտիկները եզրափակչում առավելության են հասել Անգլիայի ներկայացուցիչների նկատմամբ: Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 70 կգ քաշային Երանոս Օհանյանը վնասվածքի պատճառով չի կարողացել մասնակցել եզրափակիչ մենամարտին և արժանացել է արծաթե մեդալին: Հայաստանը ներկայացնող ևս երկու բռնցքամարտիկ` 50 կգ քաշային Դավիթ Սաֆարյանն ու 60 կգ քաշային Ռաֆայել Ներսիսյանն էլ կանգնել են պատվո հարթակի երրորդ աստիճանին՝ նվաճելով բրոնզե մեդալներ։ Տղաների պայքարում Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է առաջին հորիզոնականը։
Հայաստանի բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների հավաքականը 16 մարզիկով է մասնակցել Եվրոպայի առաջնությանը: ԵԱ-ին նախապատրաստվելու համար թիմը նախ ուսումնամարզական հավաք էր անցկացրել Ծաղկաձորում, ապա՝ Հունաստանում: Հայ բռնցքամարտիկների ելույթներին մրցավայրից հետևել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը։
Կարծիքներ