Ճապոնիայի արտաքին գործերի նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը կիսում են Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռների արձակման հետ կապված մտահոգությունները

Ճապոնիայի արտաքին գործերի նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը կիսում են Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռների արձակման հետ կապված մտահոգությունները

Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոշիմասա Հայաշին և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը չորեքշաբթի օրը կայացած հեռախոսազրույցի ընթացքում կիսել են Հյուսիսային Կորեայի կողմից վերջին հրթիռների արձակման վերաբերյալ լուրջ մտահոգությունը։ Այս մասին ասվում է Ճապոնիայի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։

«Նախարարը և պետքարտուղարը նշել են, որ արձակումները տեղի են ունեցել Տոկիոյում Ճապոնիայի և ԱՄՆ-ի ղեկավարների բանակցություններից, ինչպես նաև Քառակողմ անվտանգության երկխոսության գագաթնաժողովից անմիջապես հետո: Նրանք ընդգծել են, որ ԿԺԴՀ-ի գործողությունները սպառնում են Ճապոնիայի, տարածաշրջանի և ողջ միջազգային հանրության խաղաղությանն ու կայունությանը»,- ասված է գործակալության հայտարարության մեջ։ Այդ կապակցությամբ Հայաշին և Բլինկենը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը Ճապոնիայի, ԱՄՆ-ի և Կորեայի Հանրապետության միջև՝ հասնելու ԿԺԴՀ-ի ամբողջական ապամիջուկայնացմանը, ինչպես նաև պայմանավորվել են շարունակել սերտորեն աշխատել Ճապոնիա-ԱՄՆ դաշինքն ամրապնդելու համար:

Հյուսիսային Կորեան, ըստ հարավկորեական զինվորականների, չորեքշաբթի առավոտյան երեք ենթադրաբար բալիստիկ հրթիռ է արձակել Փհենյանի մոտ գտնվող Սունան շրջանից դեպի Ճապոնական ծով: Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հաստատում է երկու հրթիռների արձակման մասին տեղեկությունը, որոնք ընկել են Ճապոնական ծովում՝ երկրի բացառիկ տնտեսական գոտուց դուրս։ Երրորդ արձակման վերաբերյալ Ճապոնիայի պաշտպանության նախարար Նոբուո Կիշին ասել է, որ ներկայումս տվյալներ են հավաքվում։ Այս տարվա սկզբից ԿԺԴՀ-ն արդեն իրականացրել է 16 հրթիռային փորձարկում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում