Համավարակի հետևանքով 2020-ին Երևանի մետրոպոլիտենի ուղևորահոսքը կիսով չափ կրճատվել է
2020 թվականին համավարակն իր բացասական ազդեցությունը թողեց մետրոպոլիտենի աշխատանքի վրա:
Կ. Դեմիրճյանի անվան «Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի տնօրենի ժ/պ Գևորգ Ավետիսյանը, բացասական ազդեցությունն ավելի լավ պատկերացնելու համար, ներկայացրեց մեկ թիվ:
«Եթե մենք 2019 թվականին տեղափոխել ենք գրեթե 21 մլն ուղևոր, ապա 2020 թվականին այդ թիվը կազմել է 11 մլն: Համարյա 50 տոկոսով կրճատվել է: Եղավ այնպես, որ Երևանի մետրոպոլիտենն իր պատմության մեջ առաջին անգամ ապրիլի 1-ից մայիսի 17-ը դադարեցրեց աշխատանքը»,-ասաց Գևորգ Ավետիսյանը:
«Երևանի Մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը նշեց, որ խստագույն ձևով հետևում են համավարակի հետ կապված անվտանգության կանոններին: Բոլոր աշխատակիցները կրում են դիմակներ, աշխատասենյակները, վագոնները համալրված են ախտահանիչ նյութերով: Օրվա ավարտին բոլոր վագոններն ախտահանվում են մասնագիտացված կառույցի կողմից: Նրա խոսքով՝ պատասհական չէ, որ առողջապահական տեսչական խմբի կողմից կատարված ստուգումների շրջանակում Երևանի մետրոպոլիտենը միակ տրանսպորտային փոխադրամիջոցն է եղել, որտեղ խախտումներ չեն արձանագրվել:
Ներկայում մետրոպոլիտենում ուղևորահոսքը քիչ-քիչ վերակագնվում է, օրական միջինը տեղափոխում են 50-55 հազար ուղևոր:
Կարծիքներ