2024-ին Apple-ը ինքնակառավարվող ուղեւորատար ավտոմեքենա կթողարկի
Ամերիկյան Apple կորպորացիան մտադիր է ինքնակառավարվող ուղեւորատար ավտոմեքենա թողարկել 2024 թվականին: Այս մասին գրում է Reuters-ը` վկայակոչելով մի քանի աղբյուր:
Գործակալությունը նշում է, որ ընկերությունն իր սեփական ավտոմեքենայի մշակմամբ սկսել էր զբաղվել դեռ 2014-ին` Titan նախագծի շրջանակներում: Այս ընթացքում ընկերությունը զգալի առաջընթաց է գրանցել եւ այժմ մտադիր է ավտոմեքենա ստեղծել իր հաճախորդների համար, փոխանցում է ՌԲԿ-ն:
Գործակալության զրուցակիցները նշում են, որ Apple-ն այժմ կենտրոնացել է իր սեփական կոնստրուկցիայով մարտկոցի մշակման վրա, որն իրենից սնուցման մեկ բջիջով խոշոր մարտկոց է ներկայացնում, որն արտադրության մեջ պետք է ավելի էժան եւ ավելի էներգատար լինի` լայնորեն օգտագործվող սնուցման մի քանի բջիջներով մարտկոցների համեմատ:
Աղբյուրները չեն նշել, թե խոսքը որ տեսակի ավտոմեքենայի մասին է (էլեկտրամոբիլ, թե ներքին այրման շարժիչով ավտոմեքենա): Արդյունաբերական արտադրության մեկնարկը կարող է հետաձգվել առնվազն մինչեւ 2025 թվականը, նշում է գործակալությունը:
Կարծիքներ