Նոյեմբերյանում աղիքային ինֆեկցիայից տուժած քաղաքացիներն ապաքինվում են. կան դուրս գրվածներ
Նոյեմբերյան համայնքում աղիքային ինֆեկցիայի հետևանքով բուժհաստատություններում հայտնված քաղաքացիներն ապաքինվում են, արդեն կան դուրս գրվածներ: Այս մասին նշեց Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը, բուժհաստատությունում գտնվող վեց քաղաքացիների հիմնական մասը դուրս է գրվել:
«Հիմնականում տուժած քաղաքացիների առողջական վիճակը նորմալ է, որևէ լուրջ խնդիր չկա: Արդեն կան դուրս գրումներ»,-ասաց Կարեն Աբազյանը:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների կողմից իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ տուժած քաղաքացիներն օգտագործել են Ջուջևան բնակավայրի մայրուղու հարևանությամբ գտնվող աղբյուրի ջուրը: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ջուրը չի համապատասխանում սանիտարահամաճարակային կանոնների պահանջներին: Կարեն Աբազյանը տեղեկացրեց, որ ներկայում խողովակներ են փոխվում, այնուհետև կիրականացվի մանրէազերծում:
«Պայմանավորվել ենք, որ կրկին ջրի նմուշառում կարվի, եթե հաստատվի, որ արդեն խնդիր չկա, նոր ջուրը կմիացնենք»,-ասաց համայնքի ղեկավարը:
ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն տեղեկություն էր ստացվել առ այն, որ 2020 թվականի դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում Նոյեմբերյանի տարածաշրջանի Նոյեմբերյան քաղաքի, Բաղանիս, Ոսկեվան, Կողբ և Կոթի բնակավայրերի 14 բնակչի մոտ արձանագրվել են աղիքային ինֆեկցիայի դեպքեր: Վեց քաղաքացի տեղափոխվել էր հիվանդանոց: Աղբյուրի ջրամատակարարումը դադարեցված է, աղտոտման պատճառների հայտնաբերման նպատակով աշխատանքներն ընթացքի մեջ են:
Կարծիքներ