Արմավիր քաղաքում շինարարական մեծածավալ աշխատանքներ են իրականացվում. քաղաքապետ
Արմավիրի մարզկենտրոնում մեծ ծավալով շինարարական աշխատանքներ են իրականացվում: Freenews-ի հետ զրույցում Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը նշեց, որ ընդհանուր շինարարական աշխատանքի արժեքը գերազանցում է 1 մլրդ դրամը, այդպիսի ծավալի աշխատանքներ վերջին 30 տարում չի իրականացվել քաղաքում:
«Պետական բյուջեի միջոցներով շինարարական աշխատանքներ են իրականացվում Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում, որը հանրապետական նշանակության ճանապարհ է: 2 կմ 70 մետր ձգվող ճանապարհի ողջ երկայնքով փոխվելու է խմելու ջրի ջրագիծը, անձրևատար կոյուղին, տեղադրվում են նոր եզրաքարեր, ասֆալտապատվում են փողոցն ու մայթերը: Աշխատանքների ավարտը նախատեսված է 2020 թվականին»,- նշեց քաղաքապետն ու հավելեց, որ բարեկարգման աշխատանքներն այքանով չեն սահմանափակվում:
«Սուբվենցիոն ծրագրերով շինարարական աշխատանքներ են իրականացվում նաև Չարենց և Շահումյան փողոցներում, նորոգվում են 12 բազմաբնակարան շենքերի բակեր, այդ հատվածներում փոխվում է խմելու ջրի ջրագիծը, և կապիտալ ասֆալտապավում է»:
Տեղեկացանք, որ բարեկարգվելու է քաղաքապետարանին ու մարզպետարանին հարակից այգին, նախատեսվում է սալիկապատել տարածքը, այս ծրագրի ավարտը ևս նախատեսված է 2020 թ-ին: Շախմատի դպրոցի մոտ կառուցվում է պուրակ, որտեղ արդեն վաղը կտեղադրվի Տիգրան Պետրոսյանի արձանը:
Քաղաքապետի խոսքով Արմավիրում սկսված բարեկարգման աշխատանքները պարբերական բնույթ են կրելու:
Կարծիքներ