Սի Ծինպինը Բայդենի հետ կքննարկի Տայվանի հարցը
ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինն առաջիկա վիրտուալ հանդիպման ընթացքում կփորձի ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին տեղեկացնել, որ Պեկինը ցանկացած գնով կհասնի մայր հողի եւ Տայվանի վերամիավորմանը, ինչպես նաեւ այն, թե որքան վտանգավոր են տայվանցի անջատողականներին աջակցելու փորձերը: Այդ մասին ասվում Է գագաթնաժողովի նախաշեմին China Daily չինական պետական թերթում տպագրված խմբագրական հոդվածում:
Ավելի վաղ Սպիտակ տունը հաղորդել Է, որ Սի Ծինպինի եւ Բայդենի վիրտուալ հանդիպումը կկայանա Վաշինգտոնի ժամանակով նոյեմբերի 15-ին ժամը 19:45-ին (Պակինի ժամանակով նոյեմբերի 16-ին 08:45-ին, Երեւանի ժամանակով 04:45-ին): Հրատարակությունը նշում Է, որ Չինաստանի եւ ԱՄՆ-ի ղեկավարներն այս տարի երկու անգամ հեռախոսազրույց են ունեցել, եւ երկու խոսակցություններն Էլ նպաստել են կողմերի ավելի կառուցողական փոխգործակցությանը:
«Պետք Է հուսալ, որ այդպես կլինի նաեւ այս անգամ, քանի որ նրանց առաջին վիրտուալ հանդիպումը կայանում Է այն պահին, երբ Տայվանի նկատմամբ ԱՄՆ-ի գործողությունները դարձել են տարաձայնությունների սաստկացման աղբյուր»,-ասվում Է հոդվածում: Նշվում Է, որ Պեկինը քանիցս հասկանալ Է տվել Վաշինգտոնին, որ Տայվանը Պեկինի կարեւորագույն շահերից մեկն Է, եւ որ ցանկացած գործողություն, որը խրախուսում Է կղզու անջատողական ուժերին, կարող Է ոչ միայն ակնթարթորեն խարխլել չին-ամերիկյան հարաբերությունները, այլեւ անդունդ տանել ողջ աշխարհը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ