Հունվարի 25-28-ը նախատեսված ԵԽԽՎ հերթական նստաշրջանը կանցկացվի խառը ձեւաչափով

Հունվարի 25-28-ը նախատեսված ԵԽԽՎ հերթական նստաշրջանը կանցկացվի խառը ձեւաչափով

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հերթական նստաշրջանը տեղի կունենա հունվարի 25-28-ը` խառը ձեւաչափով: Այս մասին ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ, որը տարածվել է ուրբաթ օրը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«ԵԽԽՎ հաջորդ նստաշրջանը կանցկացվի 2021 թվականի հունվարի 25-ից 28-ը հիբրիդային ձեւաչափով, ինչը դրա անդամներին թույլ կտա հեռավար կերպով կամ անձամբ ներկա գտնվել Ստրասբուրգում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Կազմակերպությունում պատմել են, որ ձմեռային նստաշրջանի ընթացքում վեհաժողովը կընտրի իր նախագահին, ինչպես նաեւ` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դատավորներին: «ԵԽ Նախարարների կոմիտեում Գերմանիայի նախագահության շրջանակներում վեհաժողովի առջեւ ելույթ կունենա Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը եւ կպատասխանի մասնակիցների հարցերին,- հայտնել են ԵԽԽՎ-ն:- Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը նույնպես հանդես կգա հայտարարությամբ եւ կպատասխանի հարցերին»:

Կազմակերպությունում նաեւ հավելել են, որ նիստի մասնակիցները կքննարկեն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի օգտագործման, ԵԽ անդամ երկրներում հասարակական կազմակերպությունների գործունեության հետ կապված հարցեր, ինչպես նաեւ` քրոնիկ հիվանդություններով տառապող մարդկանց խտրականության խնդիրը:

«Բանավեճեր կանցկացվեն Լեհաստանում եւ Մոլդովայում դատավորների անկախության, ինչպես նաեւ ՄԻԵԴ որոշումների կատարման վերաբերյալ,- նշել են ԵԽԽՎ մամուլի ծառայությունում:- Կքննարկվի Վրաստանում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ զեկույցը: Վերջապես, գագաթնածողովը կորոշի իր դիրքորոշումը 2319 (2020) բանաձեւի հետ կապված կանոնների փոփոխության հարցում, որում սահմանված է կազմակերպության առջեւ մասնակից երկրի կողմից իր ստանձնած պարտավորությունների լուրջ խախտմանն արձագանքելու ընթացակարգը»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում