«Դպրոցը կարող է դառնալ այն ռեսուրս կենտրոնը, որի օգնությամբ հնարավոր կլինի լուծել համայնքային խնդիրները». Արաքսիա Սվաջյան

«Դպրոցը կարող է դառնալ այն ռեսուրս կենտրոնը, որի օգնությամբ հնարավոր կլինի լուծել համայնքային խնդիրները». Արաքսիա Սվաջյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է «Դպրոց-համայնք համագործակցություն» աշխատաժողովին, որով մեկնարկել է «Աջակցություն Հայաստանում ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումներին» (ԴեաԼոԳ) ծրագիրը:

Աշխատաժողովին մասնակցել են Արևելյան Եվրոպայի, Արևմտյան Բալկանների և Լատինական Ամերիկայի ծրագրերի գծով տնօրեն Լենա Ֆալկոնը, ՏԿԵ նախարարության, ՀՀ տարբեր համայնքների, դպրոցների ներկայացուցիչներ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ողջույնի խոսքում կարևորել ծրագրի մեկնարկը՝ ընդգծելով դպրոց-համայնք համագործակցության զարգացումը. «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որպես պատասխանատու ստորաբաժանում կարևորում է դպրոցների դերակատարության բարձրացումը համայնքային կյանքում: Դպրոցը, զարգացնելով իր գործառույթները, պետք է դառնա այն պատասխանատու կառույցը, որի շուրջ կարող են կազմակերպվել համայնքային կյանքի աշխուժացման մի շարք գործընթացներ: Այս համատեքստում կարևորում ենք դպրոցների՝ որպես համայնքային կենտրոններ գործելու հեռանկարը»:

Ըստ Արաքսիա Սվաջյանի՝ «ԴեաԼոգ» ծրագիրն օգնելու է ավելի թիրախային և պլանավորված իրականացնել ապակենտրոնացմանն ուղղված պետական քաղաքականությունը, ինչպես նաև արձանագրել ընթացիկ խնդիրներն ու դրանց լուծման ճանապարհները: Փոխնախարարն անդրադարձել է նաև Կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում նախատեսվող կրթահամալիրների կառուցմանը. «Մենք ունենալու ենք ժամանակակից պահանջներին համապատասխանող միջավայրեր, ենթակառուցվածքներ, որոնք հնարավորություն կտան նախաձեռնելու երիտասարդական, մշակութային, մարզական տարբեր միջոցառումներ, գործունեության ձևեր ոչ միայն երեխաների, այլև համայնքի այլ բնակիչների համար: Դպրոցը կարող է դառնալ այն ռեսուրս կենտրոնը, որի օգնությամբ համայնքը կկարողանա լուծել իր խնդիրները: Վստահ եմ, որ այս ծրագրի շրջանակում ընդգրկված դպրոցները այն առաջամարտիկներն են դառնալու, որոնք սկսելու են համայնքի կարիքներին համապատասխան գործունեություն իրականացնել»:

Արաքսիա Սվաջյանը պատասխանել է նաև ներկաների հարցերին՝ անդրադառնալով կրթության բովանդակության, հանրակրթության նոր չափորոշչի, սովորողների՝ կրթական գործընթացում ներգրավվածության ապահովման և այլ խնդիրների:

Նշենք, որ աշխատաժողովի նպատակն է ստեղծել դպրոց-համայնք ապագա համագործակցության նախադրյալներ, ինչպես նաև ներկայացնել կրթության և տեղական ինքնակառավարման ոլորտների զարգացման առաջնահերթությունները:

«ԴեաԼոԳ» ծրագիրն աջակցում է Հայաստանում կրթության ապակենտրոնացմանն ուղղված աշխատանքներին` համագործակցելով դպրոցների և համայնքների հետ:

Աշխատաժողովի ընթացքում «ԴեաԼոԳ» ծրագրի շրջանակում ՀՀ տասը համայնքների և «ՍԱԼԱՐ Ինթերնեշնլ» ընկերության (Շվեդիայի Տեղական իշխանությունների և տարածաշրջանների ասոցիացիայի (ՍԱԼԱՐ) դուստր կառույց) միջև կնքվել է համագործակցության հուշագիր: Ըստ հուշագրի՝ համայնքապետարանները և դպրոցները կստեղծեն զարգացման միասնական օրակարգ և կսահմանեն դերեր և պարտականություններ՝ հաշվի առնելով տեղական կարիքները, բնակչության նախասիրությունները և պետության զարգացման մարտահրավերները, առաջնահերթությունները: «ԴեաԼոԳ» ծրագիրը մինչև ընթացիկ փուլի ավարտը նպատակային աջակցություն կտրամադրի համայնքապետարանների և դպրոցների կարողությունների բարձրացմանը՝ կազմակերպելով վերապատրաստումներ և սեմինարներ, համայնքների միջև փորձի փոխանակումներ և այլն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում