Վաշինգտոնի համաձայնագիրը պարզապես թուղթ չէ, կա պատրաստակամություն և քաղաքական կամք՝ կյանքի կոչելու. ԱԳՆ խոսնակ

Վաշինգտոնի համաձայնագիրը պարզապես թուղթ չէ, կա պատրաստակամություն և քաղաքական կամք՝ կյանքի կոչելու. ԱԳՆ խոսնակ

Հայաստանում ապրող երիտասարդությունը ցանկանում է տեսնել բարգավաճ Հայաստան, ցանկանում է տեսնել մի Հայաստան, որը կապրի ոչ թե հակամարտության մեջ, այլ այնպիսի դիրքում, որտեղ կարող է իրացնել իր ներուժը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվա շրջանակներում PassBlue-ին տված հարցազրույցում նման միտք է արտահայտել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Անի Բադալյանն՝ անդրադարձ կատարելով բազմաթիվ հարցերի, որոնք կապված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված համաձայնագրերին, դրանց արդյունքում ձեռնարկվելիք հետագա քայլերին, Երևանի ու Անկարայի միջև հարաբերությունների կարգավորմանն ու դրա նշանակությանը։

Հարցազրույցի ընթացքում Հայաստանի ԱԳՆ խոսնակն իր լավատեսությունն է արտահայտել Երևանի ու Բաքվի նախաստորագրած խաղաղության համաձայնագրի և դրա վերջնական ստորագրման վերաբերյալ, ինչպես նաև մանրամասն ներկայացրել է համապատասխան համաձայնագրերի համատեքստը։

Որո՞նք են օգոստոսի 8-ի համաձայնագրի նախաստորագրումից հետո հաջորդ քայլերը։

«Նախաստորագրումը մեզ համար մեծ հանգրվան էր։ Մենք վերահաստատեցինք, որ երկու երկրների սահմանները ճանաչված են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրով, երբ փլուզվեց Խորհրդային Միությունը։ Մենք համաձայնության եկանք հիմնարար սկզբունքների՝ իրավասության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և, իհարկե, սահմանների անձեռնմխելիության շուրջ։ Մենք սա համարում ենք շատ կարևոր հիմք հետագա աշխատանքի համար։ Համարում ենք, որ խաղաղությունը հաստատված է։ Սա ոչ միայն խաղաղության պայմանագրի նախաստորագրում է, այլև հրապարակային հայտարարություններ եղան օգոստոսյան եռակողմ հանդիպման ժամանակ, որին մասնակցեցին Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարները և ԱՄՆ նախագահ Թրամփը, ինչից հետո խաղաղության հաստատման վերաբերյալ շատ բարձրաձայն և հաստատուն պարտավորությունների մասին հայտարարություններ եղան:

Մենք հավատում ենք, որ սա մեր կողմի, ադրբեջանական կողմի և միջազգային մակարդակով փոխըմբռնումն է։ Մենք կաշխատենք խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ։ Մարտ ամսին Հայաստանը հայտարարեց, որ պատրաստ է ստորագրել այն։ Մենք անմիջապես ասացինք. «Եկեք խոսենք, հասկանանք ժամանակը և վայրը, մենք պատրաստ ենք ստորագրել»։ Սա չի փոխվել։ Հույս ունենք, որ TRIPP (խմբ.՝ «Թրամփի երթուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») նախագծի իրականացումը կնպաստի տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը ոչ միայն մեկ մասով, այլև ընդհանուր տարածաշրջանային հաղորդակցություններում։

Կրկնեմ, խոսքը միայն Հայաստանի, Ադրբեջանի և Հարավային Կովկասի մասին չէ։ Այսօր երկրները փնտրում են ավելի շատ երթուղիներ, այլընտրանքային կապեր։ Սա կարող է լինել ավելի մեծ նախագծի՝ Միջին միջանցքի և այլ նախագծերի մի մասը, որոնք նպատակ ունեն կապել Ասիան Եվրոպայի հետ և հակառակը։

Հայաստանում իրականացվող ցանկացած կապի նախագիծ մնում է Հայաստանի ինքնիշխանության ներքո։ Սա մեզ համար շատ կարևոր է։ Մենք կքննարկենք այլ տեխնիկական մանրամասներ, կորոշենք, թե ով է գործում և ինչպես, բայց դա կմնա Հայաստանի ինքնիշխանության ներքո»։

Կլինե՞ն բանակցություններ Ադրբեջանում գտնվող հայ բանտարկյալների վերաբերյալ։

«Այո, մենք ասում ենք, որ խաղաղությունը հաստատված է, բայց դա նշանակում է, որ այն կլուծի նաև մարդասիրական հարցերը։ Ադրբեջանում կան հայ ռազմագերիներ, և մենք այս թեման քննարկում ենք, առաջին հերթին, Ադրբեջանի հետ և փնտրում ենք դրական լուծումներ։ Կան անհետ կորած անձանց հարցեր։ Այս մարդասիրական հարցերն ավելի լայն պատկերի մաս են կազմում և, իհարկե, կարող են ամրապնդել մեր կողմից հաստատված խաղաղությունը»։

Ներկայում, համաձայնագրի միջոցով, ռուս զինվորները պարեկություն են իրականացնում Իրանի հետ Հայաստանի հարավային սահմանին։ Արդյոք խաղաղության համաձայնագիրը նշանակո՞ւմ է, որ այդ զինվորները կհեռանան։

«Սա կարգավորվում է Ռուսաստանի հետ երկկողմ համաձայնագրով, ուստի սա չի վերաբերում մեր կողմից նախաստորագրված խաղաղության համաձայնագրին։

Արդյոք խաղաղության համաձայնագրի շնորհիվ կվերականգնվի Խորհրդային ժամակներում ստեղծված երկաթուղին, որը նախկինում գործում էր Իրանի հետ Հայաստանի հարավային սահմանով։

Մենք, իհարկե, ուսումնասիրում ենք տարածքի լոգիստիկան։ Դա լինելու է տարանցիկ ճանապարհ։ Դա միջանցք չէ այն իմաստով, որը Դուք, գուցե, լսել եք։ Դա ճանապարհ է, որը մնում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ներքո։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած իր ելույթում ասել է, որ Հայաստանի և իր երկրի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունները լավ են ընթանում: Կարո՞ղ եք հաստատել դա։

Այո, Հայաստանի և Թուրքիայի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակ կա: Մենք իրականացնում ենք նախագծեր, օրինակ՝ սահմանին կամրջի վերանորոգում: Երբ մենք խոսում ենք կապի և հարաբերությունների կարգավորման, կայունության, տարածաշրջանում խաղաղության մասին, կա ավելի լայն պատկեր: Բայց, իհարկե, ինչ էլ որ անենք, այն ուղղված է երկու երկրների միջև հարաբերությունների լիակատար կարգավորմանը: Մեր ակնկալիքն այն է, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի նախաստորագրումը կնպաստի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, ինչը նշանակում է սահմանի բացում, քանի որ դա շատ կարևոր է։

Ադրբեջանցի որոշ պաշտոնյաներ ասում են, որ վերջնական խաղաղության համաձայնագրի կնքման համար Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի: Արդյոք դա քննարկվո՞ւմ է։

Խաղաղության պայմանագիրը սահմանադրության մասին ոչինչ չի ասում: Հենց սկզբից մեր դիրքորոշումը շատ հստակ է եղել, որ Հայաստանի սահմանադրության հետ որևէ խնդիր չկա: Խաղաղության պայմանագիրը նախատեսում է երկու երկրների միջև տարածքային ամբողջականության ճանաչում: Մեզ համար սա երկրների միջև հարաբերությունների կարգավորման իրավական հիմքն է: Միևնույն ժամանակ, Դուք կարող եք իմանալ, որ իշխող կուսակցությունը, որը Հայաստանում իշխանության ղեկին է 2018 թվականից, հայտարարել է, որ սահմանադրական փոփոխություններ կլինեն, ուստի, հավանաբար, նոր Սահմանադրություն կլինի: Բայց սա ներքին հարց է: Նոր Սահմանադրության օգտին քվեարկելու են Հայաստանի բնակչությունն ու քաղաքացիները։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում