«Գոյություն ունի արտաքին ուժերի միջամտության հավանականություն». Լիբանանի նախագահը չի բացառել արտաքին ուժերի ներգրավվածությունը Բեյրութում տեղի ունեցած հզոր պայթյունին (լուսանկարներ)
Լիբանանի նախագահ Միշել Աունը չի բացառել արտաքին ուժերի ներգրավվածությունն օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունին, մասնավորապես՝ ռմբակոծության կամ հրթիռակոծության տեսքով: Այս մասին տեղեկանում ենք լիբանանյան MTV հեռուստաընկերության կայքից:
«Պայթյունի պատճառը դեռևս պարզված չէ, գոյություն ունի արտաքին ուժերի միջամտության հավանականություն՝ հրթիռի կամ ռումբի օգտագործման միջոցով կամ այլ գործունեությամբ: Ես Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին խնդրել եմ մեզ արբանյակային լուսանկարներ տրամադրել, սակայն եթե նրանք չունեն լուսանկարներ, մենք այլ երկրների կխնդրենք պարզել` պայթյունն արտաքին էր, թե հրդեհի հետևանքով է տեղի ունեցել»,-ասել է Լիբանանի նախագահը:
Հիշեցնենք, որ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում փորձում են ուշքի գալ օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած աղետալի պայթյունից:
Լիբանանյան լրատվամիջոցների նոր տեղեկությունների համաձայն՝ պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 154-ի, վիրավորները 5 000-ից ավելի են։ Զոհերից 11-ը հայ են: Տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում: Ավելի վաղ հաղորդվում էր 149 զոհի և 4000 վիրավորի մասին:
Բեյրութն օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած հզոր պայթյունի հետևանքով աղետի գոտի է հայտարարվել, քաղաքում երկու շաբաթով՝ օգոստոսի 4-18-ը, արտակարգ դրություն է սահմանվել:
Լիբանանի Անվտանգության բարձրագույն խորհրդի արտահերթ նիստում վարչապետ Հասան Դիաբը հայտարարել էր, որ աղետի մեղավորները խիստ պատասխանատվության են ենթարկվելու:
«Բացարձակապես անընդունելի է, որ վեց տարի շարունակ նավահանգստի պահեստում 2750 տոննա ամոնիումի նիտրատ է պահվել, և նավահանգստի կառավարիչների կողմից պրոֆիլակտիկ որևէ գործողություն չի իրականացվել»,- շեշտել է Դիաբը:
Բեյրութում որոտացած ավերիչ պայթյունի հետևանքով մեծ վնասներ են կրել նաև հայկական համայնքային կառույցները:
«Վնասվել են Անթիլիասի Մայր Տաճարի, Վեհարանի, հայագիտական և մանկավարժական կենտրոնների, ինչպես նաև՝ «Կիլիկիա» թանգարանի դռները, պատուհանները, ջահերը»,- ասված է կաթողիկոսարանի տարածած հաղորդագրությունում:
Կարծիքներ