Հայկ Մարությանը այսօր կհայտարարի Երևանի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու մասին․ հիմնական շարժառիթը՝ նրա հետ կապվող քրեական վարույթների նախաձեռնման հնարավորությունը

Հայկ Մարությանը այսօր կհայտարարի Երևանի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու մասին․ հիմնական շարժառիթը՝ նրա հետ կապվող քրեական վարույթների նախաձեռնման հնարավորությունը

Սեպտեմբերի 17-ին Երևանում կկայանան հերթական ՏԻՄ ընտրությունները։ Մի շարք ուժեր արդեն հայտարարել են դրանց մասնակցելու մասին։ Խորհրդարանական ընդդիմությունը դեռ այդ մասին հայտարարություն չի տարածել։ Վերջերս Հանրային հեռուստաընկերության եթերում «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ՀՀԿ-ական Հայկ Մամիջանյանն ասաց, որ իրենք այդ հարցը դեռ չեն քննարկել, իսկ «Հայաստան» խմբակցությունից առհասարակ ձայն դուրս չի եկել։

Երևանի ՏԻՄ ընտրությունների ինտրիգներից մեկը մնացել է խորհրդարանական ընդդիմության և հատկապես Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի մասնակցությունը։ Հաջորդ ինտրիգը Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի մասնակցությունն է։ Թե՛ Լևոն Քոչարյանի, թե՛ Մարությանի մասնակցության մասին շատ է խոսվել, և եթե տիտղոսային ընդդիմությունը այդ հարցը դեռ չի քննարկել, ապա Հայկ Մարությանի պարագայում այդ հարցն ավելի մշուշոտ է։ Լուրեր էին պտտվում, որ Մարությանը պատրաստվում է մասնակցել ընտրություններին և գլխավորել Դավիթ Սանասարյանի «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ցուցակը։

Civic.am-ը տեղեկություններ ունի, որ նախկին քաղաքապետը, այնուամենայնիվ, մասնակցելու է ընտրություններին, քանի որ այժմ գտնվում է իրավապահների ուշադրության տակ՝ մասնավորապես իր գույքի՝ ոչ ամբողջապես օրինական լինելու կասկածանքով, և ընտրություններին մասնակցությունը թույլ կտա նրան իրավական գործընթացները ներկայացնել որպես քաղաքական հետապնդում։  

Փորձեցինք կապ հաստատել Հայկ Մարությանի հետ՝ տեղեկությունները ճշտելու համար, սակայն վերջինիս հետ կապվել մեզ չհաջողվեց։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում