Անգամ ողջ վերանորոգումը 250 մլն դրամ չի կազմել. Էդուարդ Աղաջանյան
«Կառավարական առանձնատների վերանորոգման աշխատանքներում թույլ են տրվել հարյուրավոր միլիոնների չարաշահումներ, որոնցով զբաղվում են իրավապահները»։ Սա մեջբերում է «Փաստինֆո» կայքի երեկվա հրապարակումից, ըստ որի խոսքը շուրջ 250 մլն դրամի մասին է։ Կայքը գրում է, որ «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի գործունեության, կապալառուի ընտրության և չարաշահումների ողջ գործընթացի հետ անմիջական կապ ունեն Հրաչյա Հակոբյանը և Հակոբ Սիմիդյանը: Հրապարակման մեջ տեղ գտած այս և մյուս տեղեկությունների մասին Freenews.am-ը զրուցել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հետ, ում անունը ևս շրջանառվում է հոդվածում: «Հրապարակման մեծ մասը սուտ է: Նախ սկսենք նորոգման որոշման փակ լինելուց, որը շահարկման առիթ էր դարձել: Որոշումը փակ է եղել, ըստ օրենսգրքի, որով նշվում է, որ վարչապետի արարողակարգային ծախսերը չեն հրապարակվում: Փակ որոշումով պայմանավորված` օրենսդրությունը թույլ է տալիս, որ փակ գնումը մեկ անձից կատարվի, մրցույթ հայտարարելու խնդիր չկա»,- նշում է Աղաջանյանը: Աղաջանյանը պնդում է, որ ուռճացաված է նաև վարչապետի տան վերանորոգման գումարի չափը, իսկ ինչ վերաբերում է 250 միլիոն դրամի չարաշահմանը, ինչպես գրել է տեղեկություն տարածող կայքը, դա պրակտիկորեն հնարավոր չէ, քանի որ վերանորոգման համար ծախսված գումարն անգամ այդքան չի կազմում: Գործընթացի ողջ պատասխանատվությունը, ըստ Աղաջանյանի, կրում է ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը, ում արդեն հրավիրել են հարցաքննության: Մեր այն հարցին, թե ինչից ելնելով է Աղաջանյանը դիմել ՊՎԾ ՊՈԱԿ-ում ստուգումներ իրականացնելու համար, նա պատասխանեց.«ՊՈԱԿ-ի աշխատակիցներն ինձ փոխանցել էին, որ նման ռիսկեր ու մտավախություններ կան, ես էլ դիմեցի ՊՎԾ, պարզելու՝ որքանով են իրատեսական այդ ռիսկերը»: Անդրադառնալով Հակոբ Սիմիդյանի` ՊՈԱԿ-ի աշխատանքներին միջամտելու լուրերին, Աղաջանը նշեց, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում և, որ Սիմիդյանը վերանորոգման ընթացքում չի եղել տնօրեն, և ոչ դե յուրե, ոչ դե ֆակտո ներգրավված չի եղել այդ գործընթացում: Նույնը նա պնդեց նաեւ Հրաչյա Հակոբյանի եւ կապալառու ընկերության հավանական առնչության մասին՝ վստահեցնելով, որ Հակոբյանը վերջինիս հետ որեւէ կապ չունի:
Աիդա Կիրակոսյան
Կարծիքներ