ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել Երևանում օտարերկրացի կնոջ մասնակցությամբ միջադեպի մասին. կան ձերբակալվածներ

ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել Երևանում օտարերկրացի կնոջ մասնակցությամբ միջադեպի մասին. կան ձերբակալվածներ

Հայաստանն իրավական պետություն է, և ցանկացած հակաօրինական արարք միանշանակ պետք է ստանա գնահատական՝ համապատասխան հետևանքներով, սակայն՝ բացառապես իրավական դաշտում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանն՝ անդրադառնալով օրեր առաջ Երևանում տեղի ունեցած միջադեպին:

«Դեկտեմբերի 9-ին միջադեպ էր տեղի ունեցել մի օտարերկրացու և չորս անհայտ անձանց միջև, որոնք, իրենց գնահատմամբ՝ հակահասարակական արարքի համար, ծեծի էին ենթարկել կնոջը, նվաստացրել ու կտրել մազերը:

ՆԳՆ ոստիկանության և Քննչական կոմիտեի ստորաբաժանումների աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում վերոհիշյալ անձանցից երեքը հայտնաբերվել ու ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին և ձերբակալվել:

Ձեռնարկվում են միջոցառումներ չորրորդ անձին հայտնաբերելու ուղղությամբ»,- նշեց մամուլի քարտուղարն ՝ ընդգծելով, որ ձեռնարկված ցանկացած ինքնիրավչություն, վենդետա, ինքնադատաստան նույնպիսի հակաիրավական արարք է և արժանի համանման իրավական գնահատականի ու հետևանքների:

«Քաղաքացիներին հորդորում ենք նման դեպքերում ձեռնպահ մնալ ինքնագործունեության դրսևորումներից և միջադեպերը կանխելու ու բացառելու համար դիմել ու աջակցել իրավապահ մարմիններին»,- շեշտեց Նարեկ Սարգսյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում