Արման Սահակյանն անցնում է ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործով

Արման Սահակյանն անցնում է ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործով

Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ, Ազգային ժողովի նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը, անցնում է ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործով։ Այդ մասին տեղեկանում ենք «Ազդարար» հրապարակային ծանուցումների հարթակից։ 

 

Գլխավոր դատախազությունը Սահակյանին ծանուցել է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունում Սահակյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր։ Ծանուցագիր է ուղարկվել նաև Սահակյանի կնոջը՝ Սեդա Հակոբյանին՝ տեղեկացմամբ, որ նրա անվամբ հաշվառված գույքը բռնագանձման առարկա է։ Ծանուցման մեջ վիճահարույց գույքի մասին տեղեկություններ չկան։ 

 

Արման Սահակյանի փաստաբան Էմին Խաչատրյանն ասաց՝ ծանուցագիրը ստացել են հուլիսի 21-ին և պատրաստում են պատասխան գրություն. «Հենց այսօր նամակով ստացել ենք ծանուցում ու գրություն ենք ուղարկելու դատախազությանը՝ խնդրելով, որ մեզ էլեկտրոնային տրամադրեն գործի նյութերը, ծանոթանանք ու դիրքորոշում հայտնենք»,- ասաց Խաչատրյանը։ Նա փոխանցեց՝ տեղեկություն չունի, թե Սահակյանին ու նրա կնոջը պատկանող ո՛ր գույքի մասին է խոսքը, սակայն աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար անհրաժեշտ է ծանոթանալ ուսումնասիրությանը. «Որևէ պատկերացում չունենք՝ ինչի՛ մասին է խոսքը, պիտի ծանոթանանք ուսումնասիրությանը, պատճառաբանություններին ու հետո կներկայացնենք մեր դիրքորոշումը»,- ասաց փաստաբանը։ 

 

Գլխավոր դատախազությունից «Լուրերին» Արման Սահակյանին առնչվող վարույթի հետ կապված մանրամասներ չհայտնեցին։ Ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործերով 3 վարույթներ ավարտվել են. դրանք վերաբերում են Ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակից Սերոբ Հարությունյանին, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին և նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին։ Դատախազության տեղեկացմամբ՝ բացահայտվել է նախկին պաշտոնատար անձանց ու նրանց փոխկապակցված անձանց պատկանող 20 ապօրինի գույք։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում