Ես չեմ պատկերացնում այլ գործիք, քան մարդկանց գիտակցության վրա հենվելը. Արսեն Թորոսյան
«Մեզ հաճախ են հարցնում, թե որտեղ են գտնվում վարակման օջախները։ Վերլուծությունները ցույց են տալիս, որ մարդկանց շատ կուտակումներ են լինում մոտ հասցեներում, բակերում»։ Կառավարության այսօրվա նիստին կորոնավիրուսային իրավիճակին անդրադառնալով՝ այս մասին հայտնեց Արսեն Թորոսյանը։
Նախարարի խոսքով՝ ամենամեծ խնդիրը բակերում մարդկանց կուտակումները կանխելն ու դիմակների կրումն է։
«Մենք փաստացի կենտրոնական փողոցներում, աշխատանքի վայրերում մեծ հնարավորություն ունենք վերահսկելու դիմակ կրելը, սոցիալական հեռավորություն պահելը, բայց այնպիսի թաղամասերում, որտեղ տնտեսական գործունեությունը մեծ չի, շատ դժվար է լինում այդ վերահսկողությունը իրականացնել։ Ես չեմ պատկերացնում այլ գործիք, ինչքան ուզում է ոստիկանական ուժերը մեծացնենք, քան մարդկանց գիտակցության վրա հենվելը»,-ասաց նախարարը։
Նախարարի պնդմամբ՝ կուտակումները հենց խոցելի խմբերի կողմից են իրականացվում։
«Մենք տեսնում ենք զրուցարանում նստած մեր տարեց քաղաքացիներին նարդի խաղալիս, իսկ նրանց այդ պարագայում կփրկի միայն դիմակ կրելը։ Մինչև պարզ գիտակցմանը չհասնենք ամբողջ ազգով, մենք չենք կարողանալու դիմակայել այս մարտահրավերին»։
Ըստ Արսեն Թորոսյանի՝ հաջորդ վտանգը սգո և ուրախության արարողություններն են, որոնց ժամանակ ևս մարդկանց մեծ կուտակումներ են լինում։
«Մյուս վտանգը սգո արարողությունների, ուրախության արարողությունների հավաքներն են։ Ես չեմ պատկերացնում՝ ոնց կարելի է սեփական ծնողի, հյուրի ծնողի հանդեպ նման անտարբերություն ցուցաբերել»։
Նախարարը իր ելույթում զեկուցեց նաև հունիսի 18-ի դրությամբ հոսպիտալացման կարիք ունեցող քաղաքացիների թվաքանակի մասին տվյալներ։
«Այս պահին 143 հոգի կարիք ունի հոսպիտալիզացիայի, որոնցից 25-ը այժմ գտնվում է տանը։ Նրանցից 9-ը թեթև ծանրության են, 16-ը՝ միջին։ Տանը այս պահին ծանր հիվանդ չունենք։
Սակայն ունենք այնպիսի քաղաքացիներ, որոնք գտնվում են այլ հիվանդանոցներում և կարիք ունեն տեղափոխվելու մասնագիտացված բժշկական հաստատություններ»։
Կարծիքներ