Շահագործման է հանձնվել Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի նոր շենքը
Շահագործման է հանձնվել Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի նոր, վերանորոգված և կահավորված վարչական շենքը։ Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեից, բացման հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար կազմի ներկայացուցիչները։
ՀՀ ՔԿ նախագահը ներկաների հետ շրջել է հիմնովին վերանորոգված վարչական շենքում, նրան ներկայացվել են ստորաբաժանման աշխատակիցների համար ստեղծված աշխատանքային նոր, հարմարավետ պայմանները, որոնք լիարժեք բավարարում են պահանջվող չափանիշներին։
Նախկինում նշված քննչական բաժինը տեղակայված է եղել այլ վարչական շենքում՝ ունենալով բնականոն գործունեության պահովման ոչ բարվոք պայմաններ։
Ելնելով ՀՀ քննչական կոմիտեի ներկայացրած հրատապ կարիքներից՝ ՀՀ կառավարության որոշմամբ պետական բյուջեից հատկացվել է շուրջ 75 մլն. դրամի ֆինանսավորում, որի արդյունքում Կոմիտեին հատկացված նոր վարչական շենքը վերանորոգվել է, ամբողջությամբ համալրվել նոր գույքով, նյութատեխնիկական, անվտանգության, հաղորդակցային նոր միջոցներով։
Բաժինը համալրվել է համապատասխան տեխնիկական և այլ միջոցներով` հագեցած իրեղեն ապացույցների պահպանման, անչափահասների հետ քննչական գործողություններ կատարելու, ինչպես նաև՝ ճանաչման սենյակներով։ Յուրաքանչյուր քննիչի համար նախատեսվել է առանձին աշխատասենյակ։
Շրջայցից հետո Քննչական կոմիտեի նախագահը խորհրդակցություն է անցկացրել քննչական բաժնի աշխատակիցների մասնակցությամբ։ Արգիշտի Քյարամյանը քննիչներին և օժանդակող անձնակազմին շնորհավորել է նորամուտի կապակցությամբ։
Նա ընգծել է, որ պետությունը միջոցներ չի խնայում արդյունավետ նախաքննություն ապահովելու համար անհրաժեշտ բոլոր աշխատանքային, նյութատեխնիկական պայմանների ստեղծման, քննիչների սոցիալական երաշխիքների բարձրացման համար։ Միակ ակնկալիքը պրոֆեսիոնալ, նվիրված գործունեությամբ Հայաստանում իրավակարգի և օրինականության ամրապնդումն է և որակյալ քրեական արդարադատությանը նպաստելը, որը կախված է յուրաքանչյուր քննիչի` իր ծառայողական պարտքի հանդեպ ունեցած նվիրումից։
Արգիշտի Քյարամյանն ընդգծել է, որ համակարգում իրականացվող նշված բարեփոխումները, այդ թվում նաև վարվող կադրային քաղաքականության ասպարեզում մասնագիտական ավելի բարձր չափանիշներ սահմանելը, Քննչական կոմիտեի ընդլայնման համատեքստում միտված են նախաքննության ինստիտուցիոնալ միասնականության ձևավորմանը, ընդհանուր սկզբունքներով մատուցվող ծառայության որակի բարձրացմանը։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի գործունեության ցուցանիշներին, համակարգում քննիչների ծանրաբեռնվածության թոթափմանն առնչվող և այլ հարցեր։
Կարծիքներ