Ժաննա Անդրեասյանն ընդունել է պատանի բռնցքամարտիկներին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանի բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների հավաքականի անդամներին, որոնք Երևանում անցկացված աշխարհի առաջնությունում 4 ոսկե, 5 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել:
Այս մասին հայտնում են նախարարությունից:
Մեդալակիր մարզիկների հետ հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, ֆեդերացիայի այլ ներկայացուցիչներ:
«Սա ձեր ու ձեր մարզիչների քրտնաջան աշխատանքի և հետևողական ջանքերի արդյունքն է: 16 մասնակցից 10-ը մեդալներ են նվաճել, ինչն աննախադեպ է: Երկու տարվա մեջ սա բռնցքամարտ մարզաձևից Հայաստանում կազմակերպված արդեն երրորդ խոշոր մրցաշարն էր, ինչը վկայում է այն մասին, որ մեր ֆեդերացիան հուսալի գործընկեր է Միջազգային ֆեդերացիայի համար»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ Կառավարությունն ամեն կերպ խրախուսում է մեր երկրում խոշոր մրցաշարերի անցկացումը:
Բռնցքամարտիկներին ողջունել և գրանցած հաջողությունների առթիվ շնորհավորել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Նա ընդգծել է՝ տարեվերջին պատանի բռնցքամարտիկները միանվագ պարգևատրում կստանան, իսկ 2024 թվականի հունվարից կօգտվեն պետության կողմից բարձր արդյունքներ գրանցող մարզիկների համար սահմանված խրախուսանքներից:
Կարծիքներ