Հայաստանում ՌԴ նախագահական ընտրությունների քվեարկությունը կազմակերպվել է 5 ընտրատեղամասում. դեսպանը մանրամասնել է
Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրությունների քվեարկությունը Հայաստանում ընթանում է հինգ ընտրատեղամասում, քվեարկության գործընթացը կազմակերպված է պատշաճ մակարդակով:
Այս մասին այսօր լրագրողներին ասել է Երևանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Իհարկե, մենք ամենայն պատասխանատվությամբ մոտեցանք քվեարկության գործընթացի կազմակերպմանը այստեղ՝ Հայաստանում, օրենսդրության և ՌԴ ԿԸՀ-ի գործող հանձնարարականների համաձայն ձեռնարկվեցին համապատասխան կազմակերպչական քայլեր: Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր առմամբ ստեղծվել է հինգ ընտրատեղամաս՝ երկուսը Երևանում, դեսպանատանը և ավիաբազայում, իսկ երեքը՝ Գյումրիում՝ 2-ը ՌԴ գլխավոր հյուպատոսությունում և մեկը 102-րդ ռազմաբազայում»,- ասել է դեսպանը։
Նրա խոսքով՝ մարտի 11-ից 13-ը Սյունիքի մարզում տեղի է ունեցել վաղաժամ քվեարկություն։ Այնտեղ քվեարկել է 844 մարդ՝ սահմանապահներ և Ռուսաստանի Դաշնության այլ քաղաքացիներ։
«Մենք հուսով ենք, որ այսօր այստեղ ապրող ՌԴ քաղաքացիները կգան և կկատարեն իրենց քաղաքացիական պարտքը: Մենք Հայաստանի իրավասու մարմինների հետ միասին պատրաստ ենք ընտրողների անվտանգությունն ապահովել, ես ակնկալում եմ քաղաքացիական պատասխանատվություն, մենք բոլորս շահագրգռված ենք, որ քվեարկությունը լավ, կարգապահ, առանց խախտումների անցնի»,- ասել է Կոպիրկինը։
Նա ուրախալի է համարել այն, որ վաղ առավոտից ՌԴ քաղաքացիներն ակտիվորեն քվեարկում են։
Անդրադառնալով անվտանգության միջոցառումներին՝ դեսպանը նշել է, որ դրանք ընդհանուր առմամբ կանոնավոր են և ստանդարտ։
«Բայց մենք փոքր-ինչ ուժեղացրել ենք անվտանգային միջոցառումները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընտրությունները տեղի են ունենում շատ կարևոր, բարդ քաղաքական ժամանակաշրջանում, ինչպես նաև հաշվի առնելով այն, որ ընտրողները կարող են սովորականից ավելի շատ լինել։ Մենք ապահովագրել ենք մեզ, որպեսզի որոշ անսպասելի պահեր, անհրաժեշտության դեպքում, ժամանակին դադարեցվեն կամ կանխվեն , - ասել է Կոպիրկինը:
Երևանում և Գյումրիում ընտրատեղամասերը բացվել են այսօր առավոտյան ժամը 8:00-ին (Մոսկվայի ժամանակով 7:00-ին) և կփակվեն 20:00-ին (Մոսկվայի ժամանակով 19:00-ին): ՌԴ հյուպատոսության տվյալներով՝ ՌԴ 4.598 քաղաքացի, ովքեր լքել են ՌԴ-ն, ցանկություն են հայտնել քվեարկել Երևանում:
Հիշեցնենք՝ ՌԴ ղեկավարի պաշտոնին հավակնում են Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից գրանցված չորս թեկնածուները՝ Լեոնիդ Սլուցկին, Նիկոլայ Խարիտոնովը, Վլադիսլավ Դավանկովը և Վլադիմիր Պուտինը։
ԿԸՀ-ն նախնական տվյալները կհրապարակի Մոսկվայի ժամանակով ժամը 21:00-ին (ՀՀ ժամանակով՝ 22:00)՝ Կալինինգրադի մարզում քվեարկության ավարտից հետո:
Կարծիքներ