ՀՀ դատախազությանը 2022-ին նախատեսվում է հատկացնել 6 մլրդ 681 մլն դրամ

ՀՀ դատախազությանը 2022-ին նախատեսվում է հատկացնել 6 մլրդ 681 մլն դրամ

Նոյեմբերի 3-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որտեղ ներկայացվել են «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով ՀՀ դատախազությանը նախատեսված միջոցները եւ իրականացվելիք ծրագրերը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից, ՀՀ դատախազությանը նախատեսվում է հատկացնել 6 մլրդ 681 մլն դրամ: Կիրականացվի 3 ծրագիր՝ 4 միջոցառմամբ: Ֆինանսավորման աճը կկազմի 8,7 տոկոս:

ՀՀ դատախազության գլխավոր քարտուղար Համայակ Նավասարդյանի տեղեկացմամբ՝ գալիք տարի դատախազությունը նախատեսում է իրականացնել «Դատավարական ղեկավարում եւ դատախազական հսկողություն», «Մասնագիտական ուսուցում եւ որակավորման բարձրացում» եւ «Փորձաքննությունների ծառայություններ» ծրագրերը:

«Դատավարական ղեկավարում եւ դատախազական հսկողություն» ծրագրին կտրամադրվի 5 մլրդ 929 մլն դրամ, որն ընթացիկ տարվա համեմատ 136 մլն դրամով ավելին է: Համայակ Նավասարդյանը նշել է, որ ֆինանսավորման շուրջ 90 տոկոսը ուղղվելու է աշխատավարձերին, 2,3 տոկոսը՝ սոցիալական նպաստներին, 8 տոկոսը՝ ծառայությունների ու ապրանքների ձերքբերմանը, իսկ 0,2 տոկոսը՝ այլ նպատակների համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում