ՀՀ-ում այս պահին շրջանառվող կորոնավիրուսի տեսակը վարակելիության և ծանրության աստիճանով ավելի թույլ է. ՀՎԿԱԿ տնօրեն

ՀՀ-ում այս պահին շրջանառվող կորոնավիրուսի տեսակը վարակելիության և ծանրության աստիճանով ավելի թույլ է. ՀՎԿԱԿ տնօրեն

Հայաստանում վերջին օրերին գրանցվող կորոնավիրուսի դեպքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են, սակայն այս պահին շրջանառվող «Օմիկրոն» շտամի JN1 տարատեսակը վարակելիության և ծանրության աստիճանով ավելի թույլ է: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի(ՀՎԿԱԿ) գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը: 

«Վերջին 14 օրվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի 229 դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 7 դեպքով: Իսկ վերջին 7 օրվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի 113 դեպք, որը նույնպես նախորդ տարվա համեմատ մի փոքր ավելի է»,-ասաց Աթոյանը:

Նրա խոսքով՝ հիմա երկրում շրջանառվում է կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի JN1 տարատեսակը:

«Այն իր վարակելիությամբ և ծանրության աստիճանով ավելի թույլ է, քան նախորդ տարիներին գրանցված շտամերը: Մահացության ցուցանիշը 0.5 է: 2021-ին գրանցված ամենաագրեսիվ ցուցանիշը եղել է 2.1»,-ասաց ՀՎԿԱԿ գլխավոր տնօրենը:

Ստեփան Աթոյանը հատկապես ռիսկի խմբում գտնվող անձանց հորդորեց պատվաստվել:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում