Անցկացվել է գերազանցության մեդալի քննություն «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից
Գերազանցության մեդալի հավակնորդ սովորողներն այսօր հանձնել են «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից կենտրոնացված առաջին քննությունը։
Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն:
Հանրակրթական դպրոցներից կենտրոնացված կարգով «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի պետական ավարտական քննությանը մասնակցելու հայտ էին ներկայացրել գերզանցության մեդալի 148 հավակնորդ, որոնցից 137-ը մասնակցել է քննությանը:
Մեդալի կենտրոնացված կարգով պետական ավարտական քննությունների անցկացման նպատակով, համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի մայիսի 26-ի N 580-Ա հրամանի, ձևավորվել են քննական 3 կենտրոններ՝ Երևանի Խ. Դաշտենցի անվան թիվ 114 ավագ, ՀՀ Շիրակի մարզի Գյումրու թիվ 45 միջնակարգ և ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի թիվ 4 ավագ դպրոցներում:
Այս տարի հանրակրթական դպրոցներից 216 շրջանավարտներ ներկայացրել են մեդալի հայտ։
Մեդալի հաջորդ՝ «Մաթեմատիկա» առարկայի կենտրոնացված քննությունը տեղի կունենա հունիսի 21-ին։
Ըստ սահմանված կարգի` պետական ավարտական քննություններից 20 միավորային համակարգում` 18, 19, 20 կամ 10 միավորային համակարգում` 9, 10 միավոր ստացած և «Ֆիզկուլտուրա» առարկայից ստուգարք հանձնած մեդալի հավակնորդները ստանում են «Գերազանցության» նշումով միջնակարգ կրթության ատեստատ և պարգևատրվում են մեդալով:
Կարծիքներ