Տոնական համերգներ՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում

Տոնական համերգներ՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում

Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված «Pour toi Arménie» խորագրով համերգը:

Երեկոյի ընթացքում կհնչեն Ազնավուրի հայտնի ու սիրված երգերը: Համերգի հատուկ հյուրն է լիբանանցի երգիչ, դաշնակահար, կոմպոզիտոր Ղասսան Յամմինը, որը հայտնի է Ազնավուրի երգերի կատարումներով և հաճախ է տարբեր նվագախմբերի հետ հանդես գալիս Եվրոպայում: Համերգին կմասնակցեն նաև հայ էստրադային երգիչներ Սյուզաննա Մելքոնյանը և Նաիրա Մանուչարյանը:

Համերգի կազմակերպիչն է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը. գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան:

Ազնավուրի երաժշտությունը կհնչի Հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ: Ֆրանսիական շանսոնի բոլոր սիրահարներին և երկրպագուներին սպասվում է անմոռանալի տոնական երեկո:

Բացի Ազնավուրին նվիրված «Pour toi Arménie» համերգից՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդիսատեսը հնարավորություն կունենա ունկնդրելու նաև հետևյալ տոնական համերգները. դեկտեմբերի 26-ին՝ «Christmas Jazz», դեկտեմբերի 28-ին՝ «Home Alone in Concert» (ֆիլմի երաժշտությունը՝ ուղեկցվող կադրերով), հունվարի 13-ին, 14-ին՝ «Christmas Sinatra»` աֆրոամերիկացի երգիչ Մարվին Մոնեկեի (Մեծ Բրիտանիա) և Ազգային ֆիլհարմոնիկի կատարմամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում