Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին

Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին

 Ղրղզստանի հատուկ ծառայությունները վերացրել են մեծ խմբաքանակներով թմրամիջոցների մատակարարման անդրազգային ուղին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական ​​կոմիտեի մամուլի կենտրոնը։

«Կասեցվել է անդրազգային հանցավոր խմբավորման գործունեությունը, որը կազմակերպել էր թմրանյութերի մաքսանենգության կայուն ուղի», - հաղորդագրությունից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Մամուլի կենտրոնի տեղեկատվությամբ՝ միջազգային սխեմայում ներգրավված են եղել Ղրղզստանին սահմանակից Ղազախստանի, Չինաստանի և Ուզբեկստանի ներկայացուցիչներ։

«Կատարված լայնածավալ օպերատիվ աշխատանքների շնորհիվ Բիշքեկ քաղաքի պահեստային շենքերից մեկում հայտնաբերվել է մեծ ծավալի կակաչի ծղոտ՝ ավելի քան 4 տոննա ընդհանուր քաշով», - նշել է մամուլի կենտրոնը։

Լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ այն պարունակում է մոտ 350 կգ թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր՝ կոդեին և մորֆին։

Հարուցվել է քրեական գործ:

Թմրանյութերի մաքսանենգության մեջ ներգրավված լինելու կասկածանքով ձերբակալվել են Ղրղզստանի երկու քաղաքացիներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում