COVID-19-ի հազվագյուտ բարդության պատճառով ստիպված կլինեն տղայի ոտքերն անդամահատել

COVID-19-ի հազվագյուտ բարդության պատճառով ստիպված կլինեն տղայի ոտքերն անդամահատել

ԱՄՆ Միչիգան նահանգի Շելբի գյուղից 10-ամյա Դիշան Ջեմիսոնը բախվել է COVID-19-ի հազվագյուտ բարդության, որի հետեւանքով ստիպված կլինեն նրա ոտքերն անդամահատել:

2020 թվականի դեկտեմբերի 21-ին տղային բարձր ջերմությամբ տեղափոխել են հիվանդանոց, հայտնում է Lenta.ru-ն: Նրա մոտ ախտորոշել են երեխաների մուլտիհամակարգային բորբոքման համախտանիշ: Նրա հետ աշխատող բժիշկները խոստովանել են, որ սա հիվանդության ամենածանր դեպքն է, որ իրենք երբեւէ տեսել են:

Տղայի բժիշկ Ռոզմարի Օլիվերոն հայտնել է, որ համախտանիշը կարող է զարգանալ նոր կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակվելուց հետո 2-8 շաբաթվա ընթացքում: Դիշանի դեպքում կորոնավիրուսն ընթացել է ասիմպտոմ, իսկ համախտանիշը զարգացել է 2 շաբաթ հետո:

Կորոնավիրուսի դրական թեստով 5000 պացիենտից ընդամենը 21 երեխայի մոտ են ախտորոշել մուլտիհամակարգային բորբոքման համախտանիշ, որի ախտանիշները կարող են ներառել ջերմություն, աչքերի կարմրություն, ցան, ավշահանգույցների բորբոքում, փսխում եւ դիարեա: Համախտանիշի առաջացման ճշգրիտ պատճառը հայտնի չէ:

Դիշանի դեպքում համախտանիշի հետեւանքով ոտքերի մեջ հեղուկ է կուտակվել: Բժիշկները հնարավոր ամեն ինչ արել են դրանք պահպանելու համար, բայց ստիպված էին ընտանիքին հայտնել վերջույթների անդամահատման անհրաժեշտության մասին:

«Անչափ ծանր էր այդպիսի որոշում ընդունելը: Ես ուղղակի մտածում եմ, թե նրան ինչպիսի կյանք է սպասում անդամահատումից հետո: Նա սիրում է ֆուտբոլ խաղալ եւ ակտիվ կենսակերպ վարել: Սա անչափ ծանր է»,- ասել է տղայի մայրը՝ Բրիթնի Օթմանը:

Նա իրեն մխիթարում է այն մտքով, որ ավելի ուշ իր որդին կրկին կկարողանա քայլել պրոթեզների օգնությամբ: Վիրահատության անցկացման ժամկետն առայժմ հայտնի չէ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում