Չեչնիայում զորահավաքի պլանը գերակատարվել է 254%-ով. Ռամզան Կադիրով
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն ասել է, որ հանրապետությունում զորահավաքի պլանը գերակատարվել է 254%-ով: Այս ցուցանիշը ձեռք են բերվել պաշտպանության նախարարության նոր ստորաբաժանումների ստեղծման շնորհիվ։Այս մասին հայտնում է Shantnews.am-ը:
Հինգշաբթի օրը Կադիրովը խորհրդակցություն է անցկացրել Չեչնիայի Հանրապետության բնակիչներին զինվորական ծառայության զորակոչելու թեմայով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարած մասնակի զորահավաքի շրջանակներում:
«Չեչնիայի Հանրապետությունում զորահավաքի ծրագիրը գերակատարվել է 254 տոկոսով։ Այս ցուցանիշը ապահովվել է ՌԴ ՊՆ նոր ստորաբաժանումների ձևավորման շնորհիվ: Բոլոր թեկնածուներն անցել են զինկոմիսարիատով: Մենք այդ մեխանիզմը մշակել ենք հենց սկզբից, նույնիսկ մինչև մասնակի մոբիլիզացիայի հայտարարությունը»,- գրել է Կադիրովը Telegram-ի իր ալիքում:
Նա նշել է, որ հանրապետությունն ունի հազարավոր կամավորների ռեզերվ, որոնք անհրաժեշտության դեպքում կկարողանան համալրել հայրենիքի պաշտպանների շարքերը։
«Բնակիչները դեռ չէին էլ կասկածում, որ նման հարցեր կարող են առաջանալ, իսկ մենք արդեն ամեն ինչ որոշել էինք: Ուստի կոչ եմ անում Չեչնիայի Հանրապետության բնակչությանը, մասնավորապես, մեր սիրելի և հարգված մայրերին հանգստություն պահպանել»,- ասել է Չեչնիայի ղեկավարը:
Ռուսաստանում սեպտեմբերի 21-ից նախագահի հրամանագրով մասնակի մոբիլիզացիա է հայտարարվել։ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խոսքերով՝ դա անհրաժեշտ է 1000 կիլոմետրանոց շփման գիծը և Ուկրաինայի ազատագրված տարածքները վերահսկելու համար։ Զորահավաքի ընթացքում ընդհանուր առմամբ զորակոչվելու է 300.000 պահեստային, ինչը կազմում է Ռուսաստանի Դաշնության ընդհանուր մոբիլիզացիոն ռեսուրսի 1%-ը։ ՌԴ պաշտպանության նախարարը նշել է, որ ուսանողների և ժամկետային զինծառայողների մոբիլիզացիան բացառված է:
Կարծիքներ