Լուկաշենկոն բելառուսցիներին խնդրել է «գլուխները տնից դուրս չհանել»
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն քաղաքացիներին հորդորել է «գլուխները դուրս չհանել տնից»։ Նախագահի խոսքերն է մեջբերել «Բելտան»։
«Հասկացե՛ք` ձեզ և մեր երեխաներին հիմա նրանք օգտագործում են որպես «թնդանոթի միս»։ Նրանք այստեղ են եկել Լեհաստանից, Հոլանդիայից, Ուկրաինայից, Նավալնիի բաց Ռուսաստանից և այլն։ Մեր երկրի դեմ ագրեսիա է իրականացվում», - ասել Է Լուկաշենկոն։
Նա կարծում է, որ երկրում «ոչ թե ինչ–որ աղետ է կամ գերլարված իրավիճակ», սակայն խոստովանում է, որ խնդիրներ ու հարցեր կան, որոնք պետք է լուծել։
«Մենք այսօր արդեն շատ հստակ տեսնում ենք, թե ինչ է կատարվում», – հայտարարել է նախագահը։
Լուկաշենկոն տեղի ունեցող իրադարձություններում մեղադրել է «դրսից եկած մարդկանց»` հայտարարելով, որ առաջին շարքում «քրեական անցյալ» ունեցողներն են, որոնց հետևից են գնում «մեր երեխաները»։
Բելառուսի նախագահը նշել է, որ դեռ որևէ մեկին պահանջ ներկայացնել չի կարող։
«Չեմ կարող, քանի որ տեսնում եք` ինչպես է իրավիճակը զարգանում։ Միակ բանը, որ խնդրում եմ նախարարից և մյուսներից` մենք ամեն դեպքում սլավոն ենք, եթե մարդն ընկել է և պառկած է, նրան ծեծի ենթարկել պետք չէ։ Այսինքն` պետք է որոշակի արգելակ լինի», – ընդգծել է Ալեքսանդր Լուկաշենկոն։
Օգոստոսի 9–ին Բելառուսում կայացան նախագահական ընտրություններ։ ԿԸՀ–ի տվյալներով` Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների 80,1%–ը, երկրորդ տեղում է Սվետլանա Տիխանովսկայան` քվեների 10,12%։ Ընդդիմությունն այս արդյունքները չի ճանաչել, իսկ Տիխանովսկայան մեկնել է Լիտվա։
Վեցերորդ օրն է երկրում չարտոնված բողոքի ցույցեր են տեղի ունենում, սակայն դրանք ճնշվում են ուժայինների կողմից։ Ցուցարարների դեմ արցունքաբեր գազ, ջրցաններ, լուսաձայնային նռնակներ և ռետինե փամփուշտներ են կիրառվում։
Պաշտոնական տվյալներով` ձերբակալվել է շուրջ 7 հազար մարդ։ Բելառուսի ՆԳՆ–ի փոխանցմամբ` անկարգությունների ժամանակ տուժել են հարյուրավոր մարդիկ, այդ թվում` իրավապահ մարմինների 103 աշխատակից։ ՆԳՆ–ի տվյալներով` ցուցարարներից մեկը զոհվել է` փորձելով ոստիկանության ուղղությամբ ինքնաշեն պայթուցիկ սարք նետել։
Կարծիքներ