«Մանդատը վերցնելու եմ». «Իմ քայլում» Սուրեն Գրիգորյանին կփոխարինի ՔՊ խոսնակ Վահագն Ալեքսանյանը
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում, մանդատը վայր դրած Սուրեն Գրիգորյանին կփոխարինի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ալեքսանյանը՝ հաստատելով, որ մանդատը վերցնելու է։
Հիշեցնենք, որ մարտի 23–ին, Սուրեն Գրիգորյանը հայտարարել էր մանդատը վայր դնելու մասին։ ԱԺ նախագահն այսօր արդեն հայտարարություն է տարածել, որ Գրիգորյանի լիազորությունները դադարեցված են։ Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Սուրեն Գրիգորյանը նշանակվելու է Արդարադատության նախարարի տեղակալ։
«Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակում Սուրեն Գրիգորյանին հաջորդում էր Միսաք Բաբաջանյանը, ով ասաց, որ վաղուց որոշել է՝ պատգամավորական գործունեությամբ չի զբաղվելու եւ ինքնաբացարկ է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որն իր գրանցումն արդեն ուժը կորցրած է ճանաչել։
«Ես փաստաբանական գործունեությամբ եմ զբաղվում եւ չեմ ուզում աշխատանքս փոխել»,– ասել էր Բաբաջանյանը։
«Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակում Բաբաջանյանին հաջորդում էր Վահագն Ալեքսանյանը։
Կարծիքներ