Հնդկաստանի հյուսիսում առնվազն 5 զինծառայող է զոհվել զինյալների հետ բախման ժամանակ
Առնվազն հինգ հնդիկ զինծառայող է զոհվել, ևս երկուսը՝ ծանր վիրավորվել Ջամմու և Քաշմիրի Հյուսիսային Դաշնային Տարածքում դեկտեմբերի 21-ին բանակային պարեկախմբի վրա ահաբեկիչների հարձակման հետևանքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Press Trust of India լրատվական գործակալությունը հաղորդում է, որ բախումները տեղի են ունեցել Փունչի շրջանում։
Հնդկաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ զինյալները հարձակվել են զինվորականներին տեղափոխող ավտոմեքենաների վրա այնպիսի վայրում, որտեղ կտրուկ շրջադարձի և վատ ճանապարհի պատճառով մեքենաները դանդաղեցնում են ընթացքը։
Անվտանգության ուժերը պատասխան կրակ են բացել, սակայն ահաբեկիչներին հաջողվել է փախուստի դիմել։
Հարձակման պատասխանատվությունն ստանձնել է «Ժողովրդի հակաֆաշիստական ճակատ» ծայրահեղական կազմակերպությունը, որը կապված է Պակիստանի «Լաշկար է Թայբա» ահաբեկչական խմբավորման հետ:
Հնդկաստանի սահմանային անվտանգության ուժերից հայտնել են, որ զինվորները բերվել են պատրաստության վիճակի՝ կանխելու ահաբեկիչների՝ երկիր ներթափանցման փորձերը։
Կարծիքներ