Թագավորական պարտականություններից պաշտոնապես հրաժարվելուց հետո արքայազն Հարին առաջին անգամ Մեծ Բրիտանիա կմեկնի
Սասեքսի դուքսը՝ արքայազն Հարին, ամռանը նախատեսում է հանդիպել հարազատներին։ Այս մասին գրում է Daily Mail-ը, նշելով՝ նա Մեծ Բրիտանիա կմեկնի թագավորական պարտականություններից պաշտոնապես հրաժարվելուց հետո առաջին անգամ:
Լրատվամիջոցը նշում է, որ 2021 թվականը թագավորության համար յուրահատուկ է լինելու, քանի որ նույն տարվա ընթացքում 2 հոբելյան է սպասվում: Մասնավորապես, այս տարի Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդը կդառնա 95, իսկ նրա ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը, 100 տարեկան։
Թագավորական ընտանիքում նման կարևոր միջացառումների կապակցությամբ տոնակատարություններ են սպասվում։
Նշվում է՝ հենց այս արարողություններով է պայմանավորված արքայազն Հարիի կայանալիք այցը: Այնուամենայնիվ, լրատվամիջոցի իրազեկ աղբյուրների տեղեկություններով՝ աշխարհում մեծ տարածում գտած համավարակի պատճառով տոնակատարությունները և Հարիի այցը դեռևս հարցականի տակ են։
Ըստ նախնական տեղեկությունների՝ դուքսը ցանկանում է Լոնդոն մեկնել ամռան սկզբին։ Նրա կինը՝ Մեգան Մարքլը մեկուկես տարեկան որդու՝ Արչիի հետ «անձնական պատճառներով» Ամերիկայում կմնա։ Այդ պատճառների մասին դեռևս որևէ մանրամասներ չեն հաղորդվում:
Լրատվամիջոցի աղբյուրներն այս առնչությամբ այն կարծիքին են, որ արքայազնի հանդիպումը հարազատների հետ առանց Սասեքսի դքսուհու կանցնի ավելի հանգիստ ու պակաս լարված մթնոլորտում:
Կարծիքներ