Քննվում է Երրորդ Հանրապետության ամենակարևոր գործերից մեկը․ Փաշինյանը՝ Ծառուկյանի գործի մասին
Մի փոքր խմբակ, Խորհրդարանում ընդդիմադիր խմբակցություններ, նրանց սպասարկող լրատվամիջոցներ, նրանց միացած արդեն երրորդ երկրի լրատվամիջոցների և ինչ-որ քաղաքագետների շրջանակ քննարկում են, որ մեր գործընկերոջը վերաբերյալ գործընթացը քաղաքական է, կուզեի, որ դուք որպես երկրի ղեկավար այդ գործի վերաբերյալ ձեր դիրքորոշումը հայտնեիք։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունիսի 17-ին, ԱԺ-ում անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցված քրեական գործերին եւ դրա շուրջ զարգացումներին:
Անդրադառնալով պնդմանը, թե սա քաղաքական ենթատեքստ ունի, Փաշինյանն ասաց. «Դա հիմնվում է այն կանխավարկածի վրա, որ ԲՀԿ նախագահը հայտարարություն է արել, որից հետո սկսվել են քրեական գործեր: Այդ օրը իմ մամուլի խոսնակը արձագանքել է, որ գուցե պարոն Ծառուկյանը մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքից եւ հայտարարության պատճառը դա է:
Եկեք նայենք վերջին 2 տարվա վիճակագրությունը. 2018-ի հուլիսի 5-ին, երբ ԲՀԿ ներկայացուցիչները մեր կառավարության կազմում էին, քրեական գործ է հարուցվել հիմա արդեն ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանի դեմ, հայտնի ծեծի դրվագով: Հետո հուլիսի 6-ին նա կալանավորվել է: Հետո գործն ուղարկվել է դատարան, կայացվել է մեղադրական դատավճիռ: Սա այն ժամանակ, երբ իրենք կառավարության մեջ էին:
Խոսվում է Նվեր Ծառուկյանի մասին: 2019-ի հունվարի 29-ին Աբովյանի հայտնի սպանության առիթով հարուցվել է քրեական գործ: Հունվարի 29-ին Նվեր Ծառուկյանը հարցաքննվել է որպես վկա փաստացի կասկածի շուրջ: Սա այն մասին, որ ասում են՝ ոնց կլինի, եթե տունը խուզարկել են, ուրեմն քաղաքական հետապնդում է: Խուզարկություններ են կատարվել Նվեր Ծառուկյանի բնակության վայրում, այդ թվում Ծաղկաձորի առանձնատանը: Այսինքն սա առաջին դեպքը չէ: 2019-ին արդեն այս քրեական գործը կար: 2019-ի դեկտեմբերի 28-ին Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանի գործողությունների հետ կապված հարուցվել է քրեական գործ եւ ես իմացա, որ այդ գործով պատճառված վնասը փոխհատուցվել : Դա նշանակում է, որ մարդիկ իրենց մեղքն ընդունել են: Ընդ որում պետական հողերի ծիծաղելի գներով ծիծաղելի գներով, ասենք 290 մլն դրամանոց հողը 700 հազար դրամով վաճառելու մասին է խոսքը:
«Հյուսիս-Հարավ» ճանապարհի մասով դեռեւս 2019-ի սեպտեմբերի 20-ին Սեդրակ Առուստամյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել: Հետո Սեդրակ Առուստամյանը այս տարվա ապրիլի 20-ին կալանավորվել է Գագիկ Խաչատրյանի գործով: Ուզում եմ սրան ավելացնել այն, որ ես մի քանի անգամ ասել եմ, որ կոռուպցիոն գործերով մեր իրավապահ մարմինները արդյունավետ չեն գործում»,-հայտարարեց վարչապետը:
Փաշինյանի խոսքով, նախկինում իշխանությունը այս քրգործերը միշտ օգտագործել է, որ այդ ուժերին պահի վերահսկողության տակ, որովհետեւ լեգիտիմության խնդիր է ունեցել. «Մեր իշխանությունն այդպիսի խնդիր չունի, մեզ պետք չի քրեական գործերը դարձնել քաղաքական առեւտրի առարկա, որ 2 հայտարարություն պակաս անեն, կամ խոսալու ձեւն ընտրեն: Մենք իրենց խոսալու ձեւը գիտենք, կսովորեցնենք, իրենք էստեղ չեն էլ խոսա, որովհետեւ ժողովուրդը իրենց ստեղից վռնդելու է ընդհանրապես:
Երբ նախկինում թալանի դեպքերը բացահայտվել են, ասել են՝ դե եկեք, տեսնենք՝ ով, որտեղ, ինչ: Որովհետեւ երբ փողն է դրված եղել հիմքում, այս ամենի արդյունքում ստացվել է միայն այն, որ մեկի փողը պակասել է, մյուսինը մի քիչ ավելացել է: Մենք ասում ենք՝ ոչ, բոլոր փողերը պետք է վերադարձնել: Ասել եմ՝ կոպեկ առ կոպեկ վերադարձնելու եք: Քննվում է Երրորդ հանրապետության ամենակարեւոր գործերից մեկը, որովհետեւ ի վերջո ժողովրդի կամքի վրա բռնանալու համակարգված ինստիտուտ է բացահայտվել»,-ասաց նա:
Նյութի աղբյուրը՝ news.am
Կարծիքներ