Հայաստանը չի կարող անտարբեր մնալ լիբանանահայ համայնքի խնդիրների նկատմամբ. ԱԳ նախարար
Հայաստանը չի կարող անտարբեր մնալ լիբանանահայ համայնքի խնդիրների նկատմամբ ու դիվանագիտական ներկայացուցչության միջոցով մշտական կապի մեջ է համայնքային բոլոր կառույցների հետ: «Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ պատասխանելով «Լուսավոր Հայաստան»-ից Տարոն Սիմոնյանի հարցին:
Տարոն Սիմոնյանը նկատեց, որ Լիբանանում հայկական համայնքը բավականին լուրջ խնդիրների առաջ է, Լիբանանում շատ լուրջ տնտեսական ճգնաժամ է: Նա հետաքրքրվեց, թե արդյոք ՀՀ-ն այս առնչությամբ որևէ աջակցություն կցուցաբերի լիբանանահայ համայնքին:
«Հայաստանը չի կարող անտարբեր մնալ լիբանանահայ համայնքի խնդիրների նկատմամբ, մեր դիվանագիտական ներկայացուցչության միջոցով մշտական կապի մեջ ենք համայնքային բոլոր կառույցների հետ և շարունակելու ենք այդ երկխոսությունը, շարունակելու ենք հետևել հետագա զարգացումներին: Լիբանանահայ մեր հայրենակիցների սոցիալ-տնտեսական վիճակն, ընդհանուր առմամբ, իրապես բավականին ճգնաժամային է: Հայաստանը եղել և մնում է յուրաքանչյուր հայի հայրենիքն, ով ընտրում է ապրել Հայաստանում: Այդ առումով մենք շարունակելու ենք աշխատել և պատրաստել այն անհրաժեշտ հիմքը, որ հնարավորություն կտա արձագանքելու»,-ասաց նախարարն ու նշեց՝ անմիջական օգնության առումով կանդրադառնան, երբ ավելի շատ հստակություն կլինի:
Պատգամավորը նշեց, որ Լիբանանում հակահայ տրամադրություններ են խրախուսվում Թուրքիայի կառավարության կողմից, հետաքրքրվեց նախարարի տեսակետով:
Նախարարը պատասխանեց՝ ատելության խոսքի յուրաքանչյուր նշանակալի դսրևորում առանձնահաատուկ մտահոգության տեղիք է տալիս: «Կրոնական, էթնիկ, ռասսայական խտրականություն ու ատելություն պարունակող որևէ խոսք սպառնալիք է ներկայացնում առաջին հերթին բարեկամ Լիբանանի ներքին կայունության, պետական կառուցվածքի և հասարակական համակեցության հիմնարար արժեքների համար: Վստահ ենք, որ Լիբանանի կառավարությունը և հանրությունը և ոչ միայն լիբանանահայությունը, խստորեն հակազդելու են նման ցանկացած դրսևորումների»,-ասաց Մնացականյանը:
Կարծիքներ